Քաղաքական

«Ինչպե՞ս է Հայաստանն, անդամակցելով ԵԱՏՄ-ին, ԵՄ-ին անդամակցության հետ կապված օրենք ընդունելու». Գևորգյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը ԵՄ-ին ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրինագծի քննարկման ժամանակ հիշեցրել է ՀՀ սահմանադրության դրույթը, համաձայն որի ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունները ավելի վեր են, քան մնացած բոլոր օրենքները․ «Հիմա, երբ Հայաստանը շարունակում է լինել ԵԱՏՄ անդամ, ԵԽ-ին կամ այլ կազմակերպությանն ունի ստանձնած պարտավորություններ, հիմա այդ պարտավորություններին զուգահեռ նա պետք է ինչ-որ բաներ անի, որոնք այդ պարտավորություններին հակասում են, մասնավորապես, տնտեսական կարգավորումների ոլորտում, սկսած տարիֆներից, վերջացրած մնացած այն ամենով, ինչ ԵԱՏՄ-ում կիրառվում է»,- ասել է նա։

Հարցը զեկուցող Արտակ Զեյնալյանը նշել է, որ եթե առաջնորդվենք այդ տրամաբանությամբ, միջպետական կազմակերպություններին անդամակցության միջազգային պայմանագրեր կան, հետևաբար, երբեք չենք կարող դուրս գալ այդ կազմակերպություններից կամ դադարեցնել անդամակցությունը։ 

Ըստ Զելնայլանի, սա գործընթացի մեկնարկի մասին օրինագիծ է։ Նա ասել է, որ ՀՀ-ն չի կարող միաժամանակ լինել ԵՄ-ի ու ԵԱՏՄ-ի անդամ, հետևաբար, որպես ինքնիշխան պետություն, կարող է որոշում կայացնել՝ ինչպես անդամակցել միջպետական կազմակերպություններին, այնպես էլ դադարեցնել անդամակցությունը։ Նա նաև շեշտել է, որ ԵՄ-ին անդամակցության հարցը որոշվելու է հանրաքվեով։