Քաղաքական

«Առաջնային է հայ գերիների հրատապ և անվտանգ վերադարձը». Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ելույթ է ունեցել «Միասին հանուն խաղաղության և ժողովրդավարության» պանելային քննարկմանը։  Նա մասնավորապես ասել է.

«Մեծարգո՛ գործընկերներ,

Նորին գերազանցություն տիկնա՛յք և պարոնա՛յք,

Հարգարժա՛ն հյուրեր,

Ինձ համար մեծագույն պատիվ է հյուրընկալել Հայաստանի բարեկամ երկրների խորհրդարանների բարձրաստիճան ներկայացուցիչներին մեկ ընդհանուր ձևաչափի շրջանակում: Այս կապակցությամբ առանձնահատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել Էստոնիայի խորհրդարանի խոսնակ, իմ լավ բարեկամ պարոն Լաուրի Հուսարին Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի (Nordic-Baltic Eight) շրջանակում Հայաստանում հանդիպում կազմակերպելու գաղափարն առաջ քաշելու համար: Միևնույն ժամանակ, որպես ձևաչափի համակարգող երկիր, երախտագիտությունս եմ հայտնում լատվիական կողմին՝ Լատվիայի խորհրդարանի խոսնակ տիկին Դաիգա Միերինյայի գլխավորությամբ: Միջոցառման նախապատրաստական աշխատանքները ստանձնելու համար մենք շատ շնորհակալ ենք բոլոր երկրներին և ուրախ եմ, որ մեզ, իսկապես, հաջողվել է կառուցել ամուր քաղաքական երկխոսություն և գործընկերություն: Անկախությունը, ինքնիշխանությունը և ժողովրդավարությունն այն արժեքներն են, որոնք ավելի ու ավելի են մերձեցնում համախոհ երկրներին և ժողովուրդներին:

Հայաստանը մեծապես գնահատում է խոչընդոտներով լի ճանապարհին իր բարեկամների աջակցությունը ծավալապաշտական նկրտումների այս ժամանակաշրջանում: Աշխարհաքաղաքական զարգացումները, պատերազմն Ուկրաինայում և այլուր  լրջագույն ազդակ են առ այն, որ ժողովրդավարությունն ամբողջ աշխարհում մեծագույն սպառնալիքի տակ է: Այս առումով հավատացած եմ, որ համընդհանուր մարդկային արժեքները միահամուռ ուժերով պաշտպանելը, ինչպես նաև ամբողջ աշխարհում տևական խաղաղության և կայունության հաստատման ուղղությամբ գործուն ջանքեր գործադրելը սպառնալիքների և մարտահրավերների դեմ պայքարի լավագույն միջոցներն են:

Չնայած այն բոլոր անվտանգային սպառնալիքներին, որոնց վերջին տարիներին Հայաստանը բախվում է՝ մենք հաստատակամ ենք եվրաինտեգրման գործընթացի առաջմղման հարցում և ակնկալում ենք, որ առաջիկայում կստորագրվի ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգը:

Ցանկանում եմ հատուկ ընդգծել վիզաների ազատականացման գործընթացի մեկնարկի կարևորությունը, ինչը շատ հստակ քաղաքական ուղերձ է հայ ժողովրդին:

Մեծապես կարևորում եմ ՀՀ-ԵՄ համագործակցությունը «Խաղաղության եվրոպական գործիքի» շրջանակում, ինչը, վստահաբար, կնպաստի Հայաստանի դիմակայունության բարձրացմանը, ինչպես նաև ճգնաժամային իրավիճակներում խաղաղ բնակչության պաշտպանության լոգիստիկ կարողությունների ամրապնդմանը:

Գոհունակությամբ պետք է նշեմ, որ Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայումը բարենպաստ ազդեցություն ունի անվտանգության ապահովման գործում, հատկապես այն թշնամական հռետորաբանության պայմաններում, որին մենք ականատես ենք լինում:

Չեմ կարող չանդրադառնալ Արևելյան գործընկերության նշանակալի դերին Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում, որը մեզ համար ճանապարհ է հարթել Եվրամիության հետ դեպի ավելի ամուր և խորը համագործակցություն:

Չնայած անվտանգության մարտահրավերներին՝ Հայաստանն այսօր ուղիներ է փնտրում հարևանների հետ հարաբերությունները կարգավորելու և տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու համար:

Հայաստանի տեսլականն արտահայտված է Կառավարության կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության մեջ, որն ուղղված է տարածաշրջանային բոլոր տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը՝ հիմնվելով ինքնիշխանության, իրավահավասարության, տարածքային ամբողջականության և փոխադարձության սկզբունքների վրա:

Խաղաղ և ժողովրդավարական Հարավային Կովկասը կարևոր է ոչ միայն Հայաստանի և ամբողջ տարածաշրջանի, այլև ԵՄ-ի և ավելի լայն Եվրոպայի համար: Մենք կարծում ենք, որ այն կարող է «Գլոբալ դարպասի» մաս դառնալ:

Խաղաղության հասնելու ճանապարհին կենսական նշանակություն ունի բոլոր հումանիտար խնդիրների լուծումը, որոնցից առաջնային է հայ գերիների հրատապ և անվտանգ վերադարձը:

Խաղաղության պայմանագիրը դեռևս ստորագրված չէ: Քննարկվող հոդվածների մեծ մասը համաձայնեցվել է: Մենք ադրբեջանական կողմին առաջարկել ենք փոխընդունելի լուծումներ, որոնք թույլ կտան ոչ միայն ստորագրել փաստաթուղթն ու առաջ շարժվել, այլև հիմնարար ու լիարժեք պատասխաններ տալ առկա խնդիրներին: Ցավոք, մինչ այս պահը պատասխան հայկական կողմը չունի:

Ամփոփելով ելույթս՝ կցանկանայի փաստել՝ խաղաղությունը և ժողովրդավարությունը կայուն զարգացման և բարեկեցության գրավականներն են:

Մաղթում եմ արդյունավետ աշխատանք:

Եվ ևս մեկ անգամ շնորհակալություն»։