Քաղաքական

«Ինչ-որ պահի եվրոպացի գործընկերները փոխեցին խաղի կանոնը». Մամիջանյան

Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ լրագրողի դիտարկմանը, թե ընդդիմախոսները մեղադրում են Սերժ Սարգսյանին մեկ գիշերում Հայաստանը ԵԱՏՄ անդամ դարձնելու և այդպես ԵՄ-ից հեռացնելու մեջ, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն ասաց. «Դա մեր ընդդիմախոսները չեն ասում, ասում են այն մարդիկ, ովքեր սիրում են սուտ տարածել»։

Մամիջանյանը ներկայացրեց, որ ԵՄ-ի հետ վարվող բանակցություները և դեռևս Մաքսային միության հետ վարվող բանակցություններն ընթացել են զուգընթաց․

«Բանակցային գործընթացից երկու կողմն էլ տեղեկացված են եղել։ Մեր եվրոպացի գործընկերները մեզ ի սկզբանե տեղեկացրել էին, որ որևէ կամ–կամի, որևէ ընտրության պայման չկա։ Այս գործընթացները միմյանց բացառող չեն»,- ասաց Մամիջանյանը՝ հավելելով, որ ինչ-որ պահից սկսած եվրոպացիները փոխեցին խաղի կանոնը՝ ասելով, որ և-և գործընթացները հնարավոր չեն ու անհրաժեշտ է կամ-կամը։

Նրա խոսքով՝ հենց այդ պահից սկսկած եվրոպացի գործընկերներին տեղեկացրել են, որ ունեն ստարտեգիական համագործակցություն, տնտեսական շահեր և հետաքրքրված են Մաքսային միության անդամակցությամբ․

 «Այն ժամանակ առաջարկեցինք ստորագրել փաստաթուղթ, որը կպարունակեր բացառապես քաղաքական բաղադրիչ, ինչին եվրոպացի գործընկերները պատասխանել են, որ հնարավոր չէ»։