ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով Հայաստանում են Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձեւաչափի (Nordic-Baltic Eight) խորհրդարանների նախագահների ու փոխնախագահների գլխավորած պատվիրակությունները: Հունվարի 23-ին պատվիրակների մասնակցությամբ կայացել է «Միասին հանուն խաղաղության և ժողովրդավարության» թեմայով պանելային քննարկում:
Ընդլայնված քննարկման մեկնարկին բացման խոսքով հանդես է եկել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Միջոցառմանը ելույթ է ունեցել ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը: Նրա խոսքով՝ պանելային քննարկման թեման համահունչ է ՀՀ-ում, այդ թվում՝ արդարադատության ոլորտում իրականացվող բարեփոխումների օրակարգին: Խոսելով ժողովրդավարության մասին՝ նախարարը ներկայացրել է ժողովրդավարական արժեքների ամրապնդման ուղղությամբ կառավարության կողմից իրականացվող քայլերը:
«Ժողովրդավարությունը մեր հասարակության ընտրությունն է, որն անվիճելի և անբեկանելի է: Հետևաբար, ժողովրդավարությունը նաև պետության ընտրությունն է և, ուրեմն, ժողովրդավարությունը մեզ՝ կառավարության համար, նաև գործելաոճ է»,- ընդգծել է Սրբուհի Գալյանը:
Արդարադատության ոլորտի բարեփոխումների համատեքստում զեկուցողը նշել է, որ վերջին տարիներին միջազգային գործընկերների, մասնավորապես՝ Եվրոպական միության, Եվրոպայի խորհրդի և առանձին եվրոպական երկրների աջակցությամբ իրականացվել են բարեփոխումներ հիմնականում չորս ուղղություններով. դրանք են՝ կոռուպցիայի դեմ պայքարը, մարդու իրավունքների պաշտպանությունը, դատական ու իրավական ոլորտի վերափոխումը և քրեակատարողական ու պրոբացիայի ոլորտի զարգացումը:
Նախարարը, կարևորելով նմանատիպ քննարկումների անցկացումը, հույս է հայտնել, որ դրանք կունենան շարունակական բնույթ՝ նպաստելով մեր երկրների միջև ձևավորված հարաբերությունների խորացմանը:
Պանելային քննարկումը համակարգել է ՀՀ ԱԺ պատգամավոր, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սոնա Ղազարյանը: Քննարկումներն ընթացել են ժողովրդավարական զարգացումների ու բարեփոխումների, Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի (Nordic-Baltic Eight) հետ hամագործակցության շրջանակում:
Քննարկումներում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, Էստոնիայի Ռիիգիկոգուի նախագահ Լաուրի Հուսարը, Լատվիայի Սայեմայի խոսնակ Դաիգա Միերինյան, Ֆինլանդիայի Էդուսկունտայի խոսնակ Յուսսի Հալլա-Ահոն, Նորվեգիայի Ստորթինգի նախագահ Մասուդ Ղարահխանին, Դանիայի Ֆոլկետինգի փոխխոսնակ Կարստեն Հոնգեն, Լիտվայի Սեյմասի փոխխոսնակ Յուոզաս Օլեկասը և Շվեդիայի Ռիկսդագի փոխխոսնակ Քենեթ Ֆորսլունդն անդրադարձել են ԵՄ ինտեգրման գործընթացներին, ժողովրդավարական զարգացումների ու եվրոպական շուկա հասանելիության հնարավորություններին, ժողովրդավարության և խոսքի ազատության մարտահրավերներին, այս գործընթացներում ապատեղեկատվական հոսքերի բացասական ազդեցությանը, մենիշխանության հետևանքներին:
«Հավատում եմ, որ ժողովրդավար հասարակություններն առավել դիմակայուն են ու ուժեղ այն պատճառով, որ մարդիկ զգում են՝ իրենք են տերն իրենց հասարակության»,- նման կարծիք է հայտնել Ֆինլանդիայի Էդուսկունտայի խոսնակը:
«Ժողովրդավարությունն ավելի լավ հասարակություն ունենալու հնարավորություն է տալիս: Մեզ համար ժողովրդավարությունը նաև կարևոր է, որովհետև հայ ժողովուրդը տևական ժամանակ զրկված է եկել ժողովրդավարությունից, և այժմ պաշտպանել ժողովրդավարությունը մեզ համար նշանակում է ամուր ինստիտուտներ հիմնել ու կայացնել»,- արձանագրել է Սոնա Ղազարյանն ու այս համատեքստում քննարկվել է ժողովրդավարական հաստատությունների, ինստիտուտների նկատմամբ վստահության հարցը:
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ժողովրդավարությանն անդրադարձել է անվտանգային տեսանկյունից՝ նշելով, որ Հայաստանի համար մեծագույն անվտանգային համակարգ է լինել ժողովրդավար պետություն:
«Եթե հարձակվում եք Հայաստանի վրա, հարձակվում եք ժողովրդավար պետության վրա: Եթե հարձակվում եք Հայաստանի վրա, հարձակվում եք ժողովրդավարական արժեքների վրա»,- համոզմունք է հայտնել Ալեն Սիմոնյանը:
Խորհրդարանի ղեկավարը շնորհակալություն է հայտնել գործընկերներին համագործակցության համար: Ալեն Սիմոնյանի խոսքով՝ այս այցն անվտանգության նոր մակարդակ կբերի մեր երկրի համար:
Գործընկերներից կարծիք է հնչել, որ ժողովրդավարությունը գործիք է, որն օգնում է անվտանգության ամրապնդմանը:
Անդրադարձ է եղել Արևելյան գործընկերության շրջանակում համագործակցությանը: Այս համատեքստում Շվեդիայի Ռիկսդագի փոխխոսնակը կարծիք է հայտնել, որ Արևելյան գործընկերությունը միջոց է՝ նպաստելու, որ ԵՄ և ԵՄ հարևան երկրները կարողանան բարելավել կյանքի որակը, երկրի բարեկեցությունը, օգնել պաշտպանելու ժողովրդավարությունը և հարթելու ճանապարհ ԵՄ անդամակցություն:
Էստոնիայի Ռիիգիկոգուի նախագահն էլ ազատ ընտրությունների անցկացման գործընթացում առանձնացրել է սոցիալական ցանցերի դերակատարությանը:
«Պետք է պաշտպանենք ժողովրդավարությունը և կարողանանք այն այնպես զարգացնել, որ իրական դիմակայունության լինի»,- նշել է նա:
Դանիայի Ֆոլկետինգի փոխխոսնակի կարծիքով՝ ապատեղեկատվության դեմ պայքարում անհրաժեշտ է ունենալ դիմակայուն հասարակություն:
«Խոսքի ազատությունը քննադատելն է և բաց լինելը քննադատության համար: Ըստ նրա՝ պետք չէ գնալ զիջումների, երբ խոսքը խոսքի ազատության մասին է»,- նշել է նա:
Ֆինլանդիայի Էդուսկունտայի խոսնակն էլ անդրադարձել է սոցիալական ցանցերում խոսքի ազատությանը, կեղծ լուրերից հասարակությանը պաշտպանելու կարևորությանը:
«Հավատացած եմ, որ սոցիալական ցանցերում խոսքի ազատության սահմանափակումն ավելի շատ վնաս կհասցնի մեր հասարակություններին»,- ասել է նա:
Մինչ պանելային քննարկման երկրորդ մասը՝ ներկայացվել է «Խաղաղության խաչմերուկ» նախագծի վերաբերյալ տեսահոլովակ, որից հետո հարցուպատասխանի ձևաչափում հասարակական կազմակերպությունների և քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկումներ են ծավալվել «Հարավային Կովկասի խաղաղության օրակարգ, անվտանգային մարտահրավերներ, համագործակցություն Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ ձեւաչափի հետ» թեմայի շրջանակում:
Ելույթով հանդես է եկել ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը: Նա հավաստիացրել է, որ մեր երկիրը հանձն է առել փնտրելու նոր հնարավորություններ՝ խորացնելու Nordic-Baltic երկրների հետ համագործակցությունը:
Խոսելով ժողովրդավարությունից և խաղաղության ձգտումից՝ նախարարը փաստել է, որ դատելով ընտրությունների արդյունքից՝ ՀՀ քաղաքացիները մեծամասամբ ընտրել են ժողովրդավարությունն ու խաղաղությունը:
«Ի դեմս Հայաստանի Հանրապետության՝ դուք ունեք գործընկեր, որը խորապես հավատում է ժողովրդավարությանն ու խաղաղությանը և չի դադարելու անել ամեն ինչ ու բոլոր հնարավոր քայլերը՝ Հարավային Կովկասում խաղաղ ու ժողովրդավար հանգրվան ունենալու համար»,- ընդգծել է նախարարը:
Արարատ Միրզոյանն անդրադարձել է նաև Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացներին:
Պանելային քննարկման ավարտին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձեւաչափի (Nordic-Baltic Eight) խորհրդարանների պատվիրակությունների ղեկավարների մամուլի ասուլիսը:
ԱԺ նախագահի գնահատմամբ՝ նման բարձր մակարդակով այցը դրական ազդեցություն կունենա տարածաշրջանում խաղաղության դարաշրջան սկսելու ՀՀ-ի նախաձեռնած գործընթացի վրա: Նշվել է, որ խորհրդարանական մակարդակում համագործակցության խորացման, ինչպես նաև մի շարք բնագավառներում փորձի փոխանակման վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել:
Գործընկեր պատվիրակները Հայաստանի և Եվրամիության միջև բոլոր հնարավոր ուղղություններով ավելի խոր համագործակցությանն աջակցելու պատրաստակամություն են հայտնել: Բարձր է գնահատվել նաև ժողովրդավարական բարեփոխումներում Հայաստանի ձեռքբերումները: