ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանից հետաքրքրվեց, թե հնարավոր չէ արդյոք կարճ ժամանակում այնպիսի համակարգ ներդնել, որպեսզի ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգ մուտք գործելու համար ոչ հեռախոսի sim քարտ անձհրաժեշտ լինի, ոչ էլ ID քարտ։
Թորոսյանն ասաց, որ ինքը պրոբլեմ ունի, հեռախոսը նոր է փոխել, որի մեջ քարտ չկա, ունի համակարգիչ, որը macbook է, որով չի աշխատում քարտային ծրագիրը, և ստիպված է նոր հեռախոս կամ համակարգիչ ձեռք բերել, որպեսզի հայտարարագիր լրացնի։
Ֆինանսների նախարարը պարզաբանեց, որ անձի նույնականացման ունիվերսալ համակարգ է ներդրված, և այդ գործընթացի հանգուցալուծմամբ կունենան միասնական նույնականացման համակարգ, որը կկիրառվի բոլոր նպատակներով՝ պետական կառավարման և այլ մարմինների կողմից։
Պողոսյանը հայտարարեց, որ խնդիրն առկա է, բայց այս պահին լուծումներ չի կարող առաջարկել կամ նախանշել, նաև հավելեց, որ հարցը ՊԵԿ-ի այլ իրավասու կառույցների ուշադրության կենտրոնում է։