ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը ԱԺ նիստում անդրադառնալով ԲԴԽ անդամի թեկնածու Ալեքսանդր Սիրունյանի ինքնաբացարկին՝ հայտարարել է, որ իրենք չեն մասնակցի այդ քվեարկությանը։
«Պարոն Սիրունյանը հիմնավորեց այն հանգամանքով, որ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի բարեվարքության եզրակացության մեջ, մասնավորապես՝ գույքային և հողի հետ կապված հարցեր կային, որոնք նաև Ազգային ժողովում քննարկման առարկա դարձան։ Եվ հիմնվելով սրա վրա՝ պարոն Սիրունյանը իր թեկնածությունը հետ է կանչել։
Ուզում եմ տեղեկացնել, որ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի բարեվարքության եզրակացությունը, ըստ կարգի, ուղարկվում է ԱԺ՝ թեկնածությունը առաջադրելուց հետո։ Երբ թեկնածուն առաջադրվում է, դրանից հետո նրա վերաբերյալ տեղեկատվությունն ուղարկվում է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, որն էլ իր ուսումնասիրություններից հետո տալիս է իր եզրակացությունը։
Մենք, ըստ էության, ևս կարևորում ենք կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի բարեվարքության եզրակացությունները, հիմնվում դրանց վրա, և ինքներս հանձնաժողովը հիմնել ենք հենց այսպիսի իրավիճակներում խորհրդատվություն ներկայացնելու համար, կարևորում ենք ինստիտուտների և դրանց կողմից տրված եզրահանգումների կշիռը»,- ասել է նա։ Ըստ Կոնջորյանի, օրենսդրության համաձայն, սակայն, ԲԴԽ անդամի քվեարկությունը պետք է տեղի ունենա, որովհետև ընթացակարգերը այլ բան չեն ենթադրում. «Սակայն ուզում եմ հայտնել, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնակցի այս քվեարկությանը՝ իմ կողմից արդեն իսկ նշված հանգամանքների բերումով»,- ասել է նա։