Քաղաքական

«Վարում ենք բալանսավորման քաղաքականություն». Հռիփսիմե Գրիգորյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը անդրադարձել է Հայաստանի արտաքին քաղաքականությանը՝ նշելով, որ այն բալանսավորված և բարենպաստ է։

Նրա խոսքով՝ այս քաղաքականության իրավացիությունը դժվար է հերքել։ Սակայն, միևնույն ժամանակ, անհրաժեշտ է հստակեցնել՝ ինչ է իրենից ներկայացնում բալանսավորված և բարենպաստ քաղաքականությունը․

«Դրա լավագույն ցուցիչներից մեկն այն է, որ այն կայուն քննադատության է ենթարկվում տարբեր ուժերի կողմից»,– ասել է նա։

Պատգամավորը նշել է, որ որոշ քաղաքական ուժեր, որոնք չեն պատկերացնում Հայաստանի գոյությունը առանց հստակ կողմնորոշման, քննադատում են այս քաղաքականությունը՝ համարելով, որ այն ռիսկային է և կարող է զայրացնել ռազմավարական գործընկերներին։ Մյուս կողմից՝ ընդդիմադիր ուժերը քննադատում են իշխանությանը՝ պնդելով, որ այն բավարար քաղաքական կամք չի դրսևորում։

Գրիգորյանի համոզմամբ՝ այս ամենը վկայում է, որ իրականացվող քաղաքականությունը բալանսավորված է։ Նա ընդգծում է, որ նման քաղաքականությունը պահանջում է մեծ ճկունություն և հաշվեկշռված մոտեցում, ինչը համապատասխանում է Հայաստանի ներկայիս ռազմավարական շահերին։

«Մենք չպետք է տրվենք այս սադրանքներին և մանիպուլյացիաներին, որոնք, հասկանալի է, հաճախ ղեկավարվում են դրսի ուժերի կողմից՝ ներսի որոշ շրջանակների գործուն մասնակցությամբ, անկախ նրանից՝ նրանք դա գիտակցում են, թե ոչ»,- ասել է նա՝ հավելելով, որ կարևոր է մնալ սթափ և փոքր, հետևողական քայլերով առաջ տանել խաղաղության օրակարգը՝ նպատակ ունենալով երկրի կայունացումը և հզորացումը։