Սեյրան Օհանյանի խոսքով՝ այս դատավարության հիմնական նպատակը Հայաստանին և հայ ժողովրդին ագրեսոր ու օկուպանտ ներկայացնելն է։ «Ադրբեջանը ձգտում է ստեղծել հիմքեր նոր սադրանքների, պատժամիջոցների և Հայաստանին նոր զիջումների պարտադրման համար»,– նշել է նա։ Օհանյանը հիշեցրել է Սումգայիթում և Բաքվում հայերի դեմ իրականացված ջարդերը։
Նա զորակցություն է հայտնել իր մարտական ընկերներին, Արցախի ղեկավարներին և նրանց ընտանիքներին։ «Այս դատավարությամբ Բաքուն ոտնահարում է ոչ միայն անհատների իրավունքները, այլև հայ ժողովրդի արժանապատվությունը, նրա ազատ և անկախ ապրելու իրավունքը»,– ասել է նա՝ հավելելով, որ սա պայքար է ոչ միայն անձերի, այլև հայ ժողովրդի ազգային արժանապատվության պաշտպանության համար։