Քաղաքական

ՀՀԿ-ն ևս կոչ է անում հրապարակել բանակցային փաստաթղթերը

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը ԱԺ հայտարարությունների ժամին ՀՀԿ անունից պահանջել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակավ ներկայացնի ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ բանակցային փաթեթները։

Մամիջանյանի խոսքով՝ այդ փաստաթղթերը պետք է հրապարակվեն ոչ թե նախկին նախագահների կողմից, այլ՝ գործող վարչապետի․ «Փաստաթղթերը գաղտնի են, իսկ գաղտնիության գրիֆ Հայաստանում շնորհում է կառավարության ղեկավարը»,- ասել է նա։

Մամիջանյանը նաև նշել է, որ փաստաթղթերի գաղտնիության մասին խոսելն անտրամաբանական է, երբ իշխանությունները պատրաստ են լուծարել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը․ «Եթե դուք պատրաստ եք լուծարել Մինսկի խումբը, ինչ գաղտնիության մասին կարող է խոսք լինել»,- նշել է նա։

Նա շեշտել է, որ ՀՀ քաղաքացիները պահանջում են հրապարակել նախորդ բանակցային փաթեթները, և այս պահանջին միացել է նաև ՀՀԿ խմբակցությունը։

Հիշեցնենք, որ դեռ դեկտեմբերի 25-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, ի պատասխան վարչապետ Փաշինյանի՝ երեք նախագահների հետ բանավեճի հրավերի, կոչ էր արել հրապարակել բանակցային բոլոր փաստաթղթերն ու դրանց ՀՀ պաշտոնական արձագանքը։