Քաղաքական

«Դուք դավաճա՞ն եք, ձեր թիմը դավաճա՞ն է, ձեր թիմը դավաճանների հավաքածո՞ւ է». Ռուբինյան

ԱԺ ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության  պատգամավոր Աննա Մկրտչյանը քաղաքական ակցիա իրականացրեց խորհրդարանում և իր ելույթից հետո պատին փակցրեց քարտեզ, որի վրա պատկերված է Հայաստանին միացված ԼՂ-ն։

Մինչ Մկրտչյանը փորձում էր փակցնել քարտեզը, նիստը վարողի իրավունքով ելույթով հանդես եկավ Ռուբեն Ռուբինյանը։

«Եկեք ֆիքսենք հետևյալը՝ Սերժ Սարգսյանի պատգամավոր տիկին Մկրտչյանը հենց նոր ՀՀ քարտեզն անվանեց մետաղի ջարդոն։ Ինչն, ըստ իս, վիրավորանք է ՀՀ հասցեին։ Տիկին Մկրտչյանը բերեց, ցուցադրեց մի քարտեզ, որի մեջ կապույտով նշված էր ԼՂ-ն ու հարակից 7 շրջանները և ասաց, որ սա մեր հայրենիքն է, հարգելի ժողովուրդ, և այս դավաճան իշխանությունները հանձնեցին մեր հայրենիքը»,- ասաց Ռուբեն Ռուբինյանը և շարունակեց Աննա Մկրտչյանի տրամաբանությունը՝ նշելով. «Տիկին Մկրտչյան, ձեր քաղաքական ղեկավարը 10 տարի երկրի ղեկավարն է եղել։ Նա 10 տարի բանակցել է հայրենիքը հանձնելու՞ շուրջ»։

Ռուբինյանը հիշեցրեց Սերժ Սարգսյանի այն հայտարարությունը, որ Հայաստանը պատրաստ էր 5+2 շրջաններից դուրս գալ. «Չեք հերքի, պատրաստ էր հայրենիքից դո՞ւրս գալ, ուզում էր հանձնել հայրենի՞քը, դուք դավաճա՞ն եք, ձեր թիմը դավաճա՞ն է, ձեր թիմը դավաճանների հավաքածու՞ է»:

Մանրամասները՝ տեսանյութում