Հայ Ազգային Կոնգրեսի հայտարարությունը․
Արցախի Հանրապետության ղեկավարների նկատմամբ Ադրբեջանում սկսված «դատավարությունների» վերաբերյալ Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարում է.
1. Մենք մեր անվերապահ աջակցությունն ենք հայտնում Արցախի նախկին ղեկավարներ՝ նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, Ազգային Ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանին, պետնախարար Ռուբեն Վարդանյանին, պաշտպանության բանակի հրամանատար Լեւոն Մնացականյանին, տեղակալ Դավիթ Մանուկյանին, արտգործնախարար Դավիթ Բաբայանին եւ ապօրինաբար գերեվարված եւ Ադրբեջանում որպես պատանդ պահվող մեր մյուս հայրենակիցներին, որոնք ընդամենը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը իրագործելու համար Ադրբեջանի իշխանությունների կողմից ենթարկվում են դաժան հալածանքների եւ կտտանքների։
2. Ադրբեջանի կազմից դուրս սեփական ժողովրդի ինքնորոշման հիմնարար իրավունքը իրագործելու օրինական գործընթացը սկսվել էր եւ հետեւողականորեն շարունակվեց հենց այն պատճառով, որ Ադրբեջանի Հանրապետությունը սիստեմատիկորեն ոտնահարում էր Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի եւ նրա բնակչության կյանքի, ազատության, ժողովրդավարության իրավունքները, ծավալելով պետականորեն կազմակերպված զանգվածային բռնություններ, ինչպես նաեւ անցկացնելով բիրտ ռազմական գործողություններ ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլ նաեւ Ադրբեջանի ամբողջ տարածքում ապրող հայ բնակչության դեմ (1988 փետրվարին Սումգայիթում, նոյեմբերին Կիրովաբադում, Խանլարում, Շամխորում, 1990-ի հունվարին Բաքվում, 1991-ին «Կոլցո» օպերացիայի ժամանակ Լեռնային Ղարաբաղի թվով 24 բնակավայրերում, 1992-ին Շահումյանի եւ Լեռնյաին Ղարաբաղի Մարդակերտի եւ Մարտունու շրջաններում)։
3. Արցախի ղեկավարները ապօրինաբար, միջազգային նորմերի եւ Ադրբեջանի կողմից ստանձնած պարտավորությունների կոպտագույն ոտնահարումով, գերեվարվել են Ադրբեջանի կողմից 2023 թվականի սեպտեմբերին, ճիշտ այն ժամանակ, երբ Ադրբեջանը, ոտնահարելով ԵԱՀԿ հովանու ներքո բանակցություններում ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները եւ 2020 նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, իրագործում էր հայ ժողովրդի նկատմամբ իր ամենամեծ ռազմական հանցագործություններից մեկը՝ հազարամյակների պատմություն ունեցող արցխահայության նկատմամբ էթնիկ զտումն ու ցեղասպանությունը։
4. Նման վարքագիծ ցուցաբերած, համակարգային հայատյացությունը պետական գաղափարախոսություն հռչակած, սեփական քաղաքացիներին անգամ հալածող եւ նրանց ժողովրդավարական իրավունքները զանգվածաբար ոտնահարող, միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների գնահատմամբ ավելի քան 200 քաղբանտարկյալ ունեցող ադրբեջանական պետության կողմից ձեռնարկված այս դատաստանը ծաղր է արդարադատության նկատմամբ, որը զուրկ է որեւէ լեգիտիմությունից։ Ադրբեջանում գործող իրավապահ մարմինները եւ դատարաններն ընդամենը իշխանության կողմից բռնաճնշումների իրականացման գործիքներ են, որոնք կեղծիքների, բռնությունների, կտտանքների, նենգասպառնալիքների եւ տարատեսակ այլ ապօրինությունների միջոցով պատրաստակամ են կորզելու իշխանությունների պատվիրած ցանկացած արդյունք, հետեւաբար այդ դատավարություններում ներկայացված որեւէ «փաստաթուղթ» կամ «ցուցմունք», ինչպես նաեւ «դատական» մարմնի որեւէ եզրակացություն, ունենալու են զրոյական վստահելիություն եւ օրինականություն։
5. Դատապարտում ենք Հայաստանի հանրային դեբատում հնչող որեւէ մեղադրանք կամ քննադատություն, ուղղված «դատավարական» այս ներկայացման պայմաններում Ադրբեջանի ձեռքում պատանդ դարձած եւ խոշտանգման ենթարկվող մեր հայրենակիցների վարքի դեմ։ Մեզ բացարձակ չպետք է հետաքրքրի, թե ինչ են իրենք ասում անմարդկային ճնշման ներքո, այլ միայն նրանց կյանքը, առողջությունը եւ ապահով վերադարձը հայրենիք։
6. Անընդունելի է ԵԱՀԿ-ի Մինսկի Խմբի համանախագահ երկրների՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի լռությունը եւ անգործությունը Լեռնային Ղարաբաղի գերեվարված ղեկավարների ճակատագրի հանդեպ։ Նրանք առաջինը պետք է պահանջեին այն մարդկանց ազատությունը, որոնց նրանք ԵԱՀԿ-ի 1992 թվականի Հելսինկյան հանդիպումից ի վեր կայացած բոլոր բանակցություններում ճանաչել են որպես լեգիտիմ գործընկերներ եւ երկխոսություն վարել նրանց հետ միջազգային հանրությունը ներկայացնող մարմինների անունից։
7. Առավել անընդունելի է, սակայն, Հայաստանի իշխանությունների ակնհայտ եւ բացարձակ անտարբերությունը Արցախի գերեվարված ղեկավարների ճակատագրի վերաբերյալ։ Հայաստանը պարտավոր է հրապարակայնորեն բարձրացնել իր ձայնը ի նրանց պաշտպանություն, նրանց ազատման հարցը դարձնել հայ-ադրբեջնական հաշտեցման եւ խաղաղության հաստատման օրակարգի պարտադիր պահանջներից մեկը։ Հայաստանի իշխանությունները այդ հարցով պետք է դիմեն միջազգային հանրությանը, Մինսկի Խմբի երկրներին, ինչպես նաեւ բարձրացնեն այս հարցը ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում, Եվրոպայի Խորհրդում եւ Եվրոպական խորհրդարանում, հատկապես ի ցույց դնելով Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված արդար դատաքննության անբեկանելի իրավունքի բացահայտ ոտնահարումը Ադրբեջանի կողմից։