Քաղաքական

«Մեր խնդիրն է՝ մինչև ընտրություններ ունենալ նոր սահմանադրության տեքստ». Գալյան

ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն անդրադարձել է սահմանադրական փոփոխությունների գործընթացին․

«Մեր խնդիրն է՝ մինչև ընտրություններ ունենալ նոր սահմանադրության տեքստ, և մեր աշխատանքները պետք է տանենք հենց այդ ուղղությամբ»,- ասել է նա լրագրողների հետ ճեպազրույցում։

Նախարարն անտեղի է որակել հայտարարությունը, թե նոր սահմանադրություն գրվում է այլ երկրի՝ Ադրբեջանի հայտարարությունների հիման վրա. 

«Ոչ ուղղակի, ոչ անուղղակի կապ սահմանադրության նոր տեքստի և այլ երկրների հայտարարությունների հետ չկա և չի կարող լինել»,- ասել է նա։ 

Ըստ նախարարի՝ գործող սահմանադրության տեքստը խաղաղության գործընթացի իրականացման հետ կապված որևէ խոչընդոտ չի պարունակում, և այդ մասին ասել է նաև ՍԴ-ն։

Գալյանը նաև նշել է, որ նոր սահմանադրություն ունենալու հետ կապված հարցը սկսել է քննարկվել 2018թ. հեղափոխությունից հետո․

«Այդ աշխատանքներն ուղղակի ինչ-ինչ պատճառով չեն հանգել տրամաբանական վերջնարդյունքին։ Եւ ես, որպես նոր նախարար, կարծում եմ, որ պետք է ստանձնեմ պարտականություն և պատասխանատվություն՝ ի վերջո մշակել նոր սահմանադրության նախագիծ, որին հավանություն տալու կամ չտալու որոշումը ժողովրդինն է, որովհետև նոր սահմանադրություն կարող է ընդունվել միայն հանրաքվեով»,- ասել է նա։