Քաղաքական

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Վաշինգտոնում

Հունվարի 14-15-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Վաշինգտոնում: Ծրագրված են հանդիպումներ ԱՄՆ գործընկերների, այդ թվում՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ, հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։ 

Նշվում է, որ ՀՀ-ԱՄՆ հարաբերությունները նախորդ՝ 2024 թվականին նշանավորվել էին ակտիվ քաղաքական երկխոսությամբ և արժեքավոր ձեռքբերումներով։ Ապրիլի 5-ին տեղի էր ունեցել ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպումը։ Հունիսի 11-ին Երևանում կայացել էր ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը և ուրվագծվել հարաբերությունների խորացման տեսլականը՝ միտված երկկողմ երկխոսության կարգավիճակը ռազմավարական գործընկերության բարձրացնելուն:

Նիստում ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել էր. «Մեր գործընկերության առանցքում է ժողովրդավարական սկզբունքների նկատմամբ ամուր հանձնառությունը: Մեր երկկողմ օրակարգը շարունակում է ընդլայնվել և ներառել Հայաստանի դիմակայունության և կայուն զարգացման համար կարևոր ուղղություններ։ Հաշվի առնելով երկկողմ հարաբերությունների աճող բնույթն ու դինամիկան՝ մենք հուսով ենք, որ մեր ռազմավարական երկխոսությունը կբարձրացնենք նոր՝ ռազմավարական գործընկերության մակարդակի, որը կարող է ավելի ամրապնդել մեր բազմաբնույթ համագործակցության կառուցվածքային հիմքերը»:

Տարվա ընթացքում ՀՀ-ԱՄՆ փոխգործակցությունն ակտիվ էր տարբեր մակարդակներում և հարթակներում՝ ներառյալ նախարար Միրզոյանի և պետքարտուղար Բլինքենի երկկողմ հանդիպումների ձևաչափով, հավելում են գերատեսչությունից: