Քաղաքական

Ընդգծվել է սահմանազատման գործընթացի կարևորությունը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ նորանշանակ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը: 

Հանդիպման սկզբում փոխվարչապետը շնորհավորել է Մագդալենա Գրոնոյին նշանակման կապակցությամբ և մտքեր փոխանակել նրա հետ տարածաշրջանային զարգացումների շուրջ: Անդրադարձ է կատարվել «Խաղաղության խաչմերուկ» նախագծին և տարածաշրջանում բոլոր հաղորդակցությունների ապաշրջափակման անհրաժեշտությանը:

Երկուստեք ընդգծվել է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև սահմանի սահմանազատման գործընթացի լիարժեք իրականացման կարևորությունը: