Քաղաքական

«Ինչու Ջերմուկում ճաշել, եթե կարող ենք գնալ Հռոմ». վարչապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ԵՄ անդամ երկրների դեսպանատներում վիզաներ ստանալու հերթերին՝ ընդգծելով, որ դա մեծ դժգոհություն է առաջացրել։ Վարչապետը նշել է, որ մի քանի հանձնարարական է տվել ԱԳՆ-ին այս կապակցությամբ. 

«Վերջին հինգ տարում ՀՀ-ԵՄ ուղևորահոսքը էական, անգամներով աճել է»։ Ըստ վարչապետի, շատ դեպքերում ռեսուրսները չեն բավականացնում եղած տեմպին։ Նա մեկնաբանել է, թե ինչու են քաղաքացիները սկսել այդքան շատ մեկնել ԵՄ. 

«Ինչքան էլ մեզ քննադատեն, համարեն ամենախոցելի տեղը, սա ավիացիոն ոլորտում մեր բարեփոխումների արդյունք է»։ 

Ըստ նրա՝ քաղաքացիների համար բացվել են հնարավորություններ. «Մարդիկ ասում են՝ ինչու գնանք, Ջերմուկում սուրճ խմենք, ճաշենք, ետ կգանք, կգնանք Հռոմ, կգնանք Ֆրանկֆուրտ Բրյուսել։ Սոցցանցերի հոսքը նայեք, սեզոններ կան՝ շաբաթ-կիրակի մարդիկ ՀՀ որևէ տեղից ավելի քիչ լուսանկար են դնում, քան եվրոպական մայրաքաղաքներից»։ 

Ըստ վարչապետի, սա նաև սպառողական մենթալիտետի փոփոխության արդյունք է. «Այս տարի, եթե ճիշտ ենք նկատել, դեպի Վրաստան հերթեր, համենայն դեպս նախորդ տարիների նման, չեն գոյացել։ Մի կողմից մենք սահմանային թողունակությունը մեծացնում ենք»,- ասել է վարչապետը՝ հավելելով, որ մարդկանց մեծ զանգված ամանորին մեկնել են ԵՄ կամ Մերձավոր Արևելք. «Սա էլ մարդկանց բարեկեցության մակարդակի կամ առնվազն սպառողական մենթալիտետի փոփոխության արդյունք է»։