«Ես եմ առաջարկել դիտարկել պարոն Վաչե Տերտերյանի հետ աշխատանքը չշարունակելու տարբերակը՝ հիմնավորված նրանով, որ նախարարությունում որոշակի փոփոխություններ պետք է արվեն, ինչը բնական պրոցես է»․ լրագրողների հետ զրույցում ասաց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։
«Սրանով չեմ ուզում ստվերել պարոն Տերտերյանի վաստակը ՏԿԵ կայացման գործում։ Ասեմ, որ մենք շատ լավ հարաբերություններ ունենք միմյանց հետ։ Պարոն Տերտերյանը պատրաստակամություն է հայտնել իր փորձով շարունակել մեզ հետ այլ ֆորմատներում աշխատել, այդ թվում նաև՝ ընկերական։ Երբ անհրաժեշտ լինի, իրենից ինֆորմացիա կստանանք կամ իր փորձով կկիսվի։ Կադրային փոփոխությունները բնական և բնականոն են։ Գուցե, դժվար է ամբողջ փոփոխությունների ծավալի տրամաբանությունը հասկանալ, որովհետև դրանք որոշակի անձնական հարաբերությունների արդյունքում են լինում։ Բայց առնվազն այնտեղ, որտեղ խնդիրներ չկան, խնդրում ու առաջարկում եմ ոչ մի անձնական բան չփնտրել։ Պարոն Տերտերյանի ազատման դեպքում հարաբերություններում խնդիրներ չեն եղել»,-տեղեկացրեց նախարարը։
Խուդաթյանը նշեց, որ պլանավորում են առաջիկայում նախարարի տեղակալների նշանակման հարցերը լուծել․
«Պլանավորում ենք, որքան հնարավոր է, շուտ համալրել և՛ տեղակալների, և՛ մյուս առանցքային թափուր պաշտոնները։ Հունվարինին, ակնկալում ենք, հնարավորինս արագ նշանակումներ կլինեն»։