Քաղաքական

«Գայթակղությունը շատ մեծ է հակադարձելու, բայց զերծ կմնամ». Միրզոյանը՝ Ալիևին

«Գայթակղությունը շատ մեծ է՝ անմիջապես հակադարձել և բերել անհերքելի, բարձր մակարդակով արված հրապարակային հայտարարություններ, որ Ադրբեջանում կա խրախուսվող ֆաշիստական վերաբերմունք հայերի, հայության նկատմամբ, բայց ես զերծ կմնամ այդ գայթակղությունից ու կփորձեմ ինձ տիրապետել»,- հայտարարել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի երեկվա հայտարարություններին։

Նա կոչ է արել գնահատել, թե ինչու են արվում այդ հայտարարությունները. «Գուցե դրա նպատակն այն է, որ մենք զերծ չմնանք գայթակղությունից ու հանդես գանք պատասխան կոշտ հայտարարությամբ, հետո իրենք՝ ավելի սուր հայտարարությամբ, հետո մենք՝ ավելի սուր․․․ Հետո լինի կրակոցներ, ունենանք ռեալ էսկալացիա։ Կարծում եմ՝ սա լավագույն ճանապարհը չէ, որով պետք է գնանք»։ Փոխարենը, նախարարը կարծում է, որ պետք չէ շեղվել խաղաղության օրակարգից. «Անելու ենք ամեն ինչ, որ շարունակենք զարգացնել այդ օրակարգը»։

Միրզոյանի խոսքով՝ միայնակ խաղաղություն չես կարող կառուցել, բայց կարող ես շարունակել կառուցողական աշխատանքն այդ ուղղությամբ։