ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մանրամասներ է հայտնել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններից։
Նրա խոսքով՝ քննարկվող 17 հոդվածից 15-ի շուրջ համաձայնության են հասել, իսկ չհամաձայնեցված 2 հոդվածի վերաբերյալ Հայաստանն իր առաջարկներն է ներկայացրել։
Նա խոսել է տրանսպորտային հաղորդակցության ենթակառուցվածքների ապաշրջափակման մասին՝ նշելով, որ սա չի սահմանափակվում ՀՀ-Ադրբեջան տրանսպորտային ուղիների ապաշրջափակմամբ, այլ ավելի լայն միջազգային օրակարգ է ձևավորում։
«Ցավոք, մինչ այսօր պաշտոնական պատասխան այս մասով չենք ստացել։ Առաջարկը, որ մենք արել ենք, հասցեագրում է բոլոր գոյություն ունեցող խնդիրները»,- ասել է նա՝ նշելով, որ առաջին փուլում առաջարկել են ՀՀ հարավով անցնող երկաթուղու ապաշրջափակում. «Առաջարկել ենք ինչպես մաքսային սահմանային հատման ընթացակարգերի որոշակի պարզեցում, այնպես էլ նույն բեռների հավելյալ ապահովության մեխանիզմներ։ Ադրբեջանական կողմի առաջնային արձագանքը դրական տպավորություն թողեց, մնացածը՝ տեսնենք»,- ասել է նա։
Միրզոյանը խոսել է նաև այս հարցի շուրջ Իրանի դիրքորոշման մասին՝ ընդգծելով, որ հայ-իրանական սահմանագիծը արդեն վերահսկվում է հայ սահմանապահների կողմից։