ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը։ Նրա խոսքով՝ հայկական կողմն ունի դիվանագիտական հարաբերությունների հաստատման պատրաստակամություն։
«Ցավոք, թուրքական կողմը Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը շարունակում է կապել Հայաստան-Ադրբեջան կարգավորման հետ։ Իմ համոզմամբ՝ հակառակ կողմից սկսելը, այսինքն, Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունները կարգավորելը, գուցե ավելի կհեշտացներ և դրական ազդեցություն կթողներ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման վրա։ Բայց այսպիսի ընկալում Թուրքիայում, գոնե իմ տպավորությամբ, դեռ չկա»,- ասել է նա։
Ըստ Միրզոյանի՝ այնուամենայնիվ կշարունակվի երկխոսությունը և՛ նախարարների, և՛ բանագնացների մակարդակով, հնարավորության դեպքում՝ նաև երկրների ղեկավարների մակարդակով։