Քաղաքական

Այսօր Լևոն Տեր-Պետրոսյանի 80-ամյակն է

Այսօր ՀՀ առաջին նախագահ, պետական գործիչ Լևոն Տեր-Պետրոսյանի ծննդյան 80-ամյակն է։ Պետական գործիչ, ում առաջնորդությամբ Հայաստանը հռչակեղ իր անկախությունը, հիմնվեց պետությունը, հաղթեցինք Ղարաբաղյան առաջին պատերազմում։

Լևոն Տեր-Պետրոսյանը մասնագիտությամբ արևելագետ է, բանասեր, պատմաբան, բանասիրական գիտություն­ների դոկտոր։

Տեր-Պետրոսյան ընտանիքը սերում է Կիլիկիո կա­թո­ղիկոս Հովհաննես Հաճընցու (1705–1721 թթ.) կոնդակով 1720 թվա­կանին Սսից Մուսա-լեռ ուղարկված Պետրոս քահանայից։

Հորից-որդի փոխանցվող քահանա­նե­րի շարքը Տեր-Պետրոսյան գերդաստանում ընդհատվել է 1850-ական թվականներին։

Լևոն Տեր-Պետրոսյանը ծնվել է 1945թ. հունվարի 9-ին Սիրիայի Հալեպ քա­ղաքում։ 1946-ին՝ մանուկ հասակում, ընտանիքի հետ ներգաղթել է Հայաստան՝ հաստատվելով նախ Կիրովական, իսկ 1947-ից՝ Երևան քաղաքում։

1953–1960 թթ. Լևոն Տեր-Պետրոսյանն աշակերտել է Երևանի № 43 յոթնամյա դպրոցում։

1960–1963 թթ. սովորել է Երևանի № 17 միջնակարգ դպրոցում։

1963–1968 թթ.՝ Երևանի պետական համալսարանի բանասիրա­կան ֆակուլտետի արևելագիտության բաժնի ուսանող։

1969–1972 թթ.՝ ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի Արևելագի­տու­թյան ինստիտուտի Լենինգրադի բաժանմունքի ասպիրանտ՝ աշ­խար­հահռչակ արևելագետ-պատմաբաններ Ն.Վ. Պիգուլեվսկայայի և Ա.Գ. Լունդինի ղեկավարությամբ։

1972թ. Լենինգրադի համալսարանում պաշտպանել է «Մարութա Նփրկերտցու ժողովածուն որպես պատմա-մատենագրական հուշար­ձան» թեկնածուական թեզը։

1972–1978 թթ. աշխատել է Հայաստանի Գիտությունների ակա­դե­միայի Մանուկ Աբեղյանի անվան Գրականության ինստիտուտում՝ որ­պես կրտսեր գիտաշխատող։

1978–1985 թթ. վարել է Մաշտոցի անվան մատենադարանի գիտ­նա­կան-քարտուղարի պաշտոնը, միաժամանակ լինելով «Բանբեր Մա­տե­նադարանի» հանդեսի խմբագրական մարմնի անդամ և պատաս­խա­նատու քարտուղար։ 1985-ից՝ նույն հաստատության ավագ գիտաշ­խատող է (2001–ից՝ հասարակական կարգով)։

1982–1988 թթ. համատեղության կարգով «Հայ եկեղեցական մա­տե­նագրություն» առարկան է դասավանդել Մայր Աթոռ ս. Էջմիածնի հո­գևոր ճեմարանում։

1987թ. Լենինգրադի համալսարանում պաշտպանել է «Հայ-ասո­րա­կան գրական կապերը IV–V դարերում» դոկտորական թեզը։

Լ. Տեր-Պետրոսյանը անդամ է ԽՍՀՄ Արևելագետների ընկերակցու­թյան (1985թ.), Հայաստանի գրողների միության (1988թ.), ֆրանսիա­կան Ասիական ընկերության (1989թ.), Վենետիկի Մխիթարյան ակա­դե­միայի (1991թ.), պատվավոր դոկտոր (doctor honoris causa) Լա Վեռ­նի (1990թ.), Ստրասբուրգի (1992թ.), Սոֆիայի (1994թ.) և Սորբոնի (1996թ.) համալսարանների։

Տիրապետում է հայերենին և ռուսերենին, ինչպես նաև գիտա­հե­տա­զոտական աշխատանքի համար միանգամայն բավարար մակար­դա­կով օգտվում է ֆրանսերեն, անգլերեն, գերմաներեն, արաբերեն, ասո­րերեն, արամեերեն, հին հունարեն, լատիներեն և հին եբրայերեն լե­զուներից։

Հեղինակ է 30-ից ավելի գրքերի, շուրջ 80 գիտական հոդվածների և բազմալեզու մամուլում սփռված քաղաքական բնույթի հազարավոր հրա­պարակումների (ճառեր, ելույթներ, հոդվածներ, հարցազրույցներ, մամ­լո ասուլիսներ և այլն)։

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

Քաղաքական ակտիվությունն սկսել է 1960-ական թվականներին ծագած ուսանողական խմորում­նե­րի ժամանակ։

1965–1968 թթ. յուրաքանչյուր ապրիլի 24-ի նախորդ գիշեր, հա­մա­կուրսեցիներ Երջանիկ Աբգարյանի, Անդրանիկ Ալաջաջյանի և Գեղամ Քյու­րումյանի հետ, հայդատական բնույթի թռուցիկներ է փակցրել Երևա­նի կենտրոնի շենքերի պատերին։ Նույն տարիներին Տեր-Պետ­րոս­յանն իր դպրոցական դասընկերոջ՝ Վրեժ Համբարձումյանի (1945-1975 թթ.) մի­ջոցով, կապեր է հաստատել Մոսկվայի հայ ուսանողների հայրենա­սի­րական մի խմբակի հետ: Համբարձումյանն, իր այլախոհական գոր­ծու­նեության պատճառով, մեկ-երկու տարի անց հեռացվել է նախ Մոսկ­վայի, ապա՝ Երևանի պետական համալսարանից: Հետագայում, ի հի­շա­տակ Վրեժ Համբարձումյանի, Երևանի No. 17 դպրոցը կոչվել է նրա անվամբ:

1966թ. ապրիլի 24-ին Կոմիտասի պանթեոնում կայացած ցույցին մաս­նակցության համար, իր ընկերներ Լևոն Անանիկյանի, Ռուբեն Սա­քապետոյանի, Տիգրան Գամաղելյանի, Գեղամ Քյուրումյանի, Էդվարդ Բաղ­դասարյանի, Սամվել Մուրադյանի, Մարգարիտ Թախթաջյանի և Ար­մինե Փափազյանի հետ, ձերբակալվել և դատապարտվել է 10-օրյա կալանքի, 6 օր անցկացնելով Երևանի բանտում, որտեղ 30-ից ավելի նրա խցակիցների թվում են եղել հետագայում հայտնի այլախոհներ դարձած Հայկազ Խաչատրյանը, Շահեն Հարությունյանը և Ստեփան Զատիկյանը։

1967թ. ապրիլի 24-ին, Երևանի պետական համալսարանի «Հայ մշակույթի ակումբի» անդամների կազմում, առաջին չարտոնված պսակն է դրել Եղեռնի հուշարձանին։

1978–1987 թթ. անդամակցել է ազգային խնդիրներով մտահոգված մտավորականների մի ոչ ֆորմալ ընկերական ակումբի, որի մյուս ան­դամներն էին՝ ֆիզիկոսներ Արա Կոզմանյանը, Հայկ Մինասյանը, Արա Կեչյանցը, Սիմոն Շահազիզյանը, կենսաբան Կարեն Շահինյանը, բա­նա­ստեղծ-արվեստաբան Ռուբեն Անղալադյանը, արևելագետներ Նիկոլայ Գևորգյանը, Երջանիկ Աբգարյանը և Ժոզեֆ Ավետիսյանը։ Ակումբի քն­նարկումների առարկան են եղել հայոց լեզվի պահպանման, դպրո­ցա­կան կրթության, Ցեղասպանության միջազգային ճանաչման, Լեռ­նա­յին Ղարաբաղի ճակատագրի և Հայաստանի ապագայի խնդիր­նե­րը։ Հատկանշական է, որ այդ ժամանակ Հայաստանում, իրարից ան­կախ, գործում էին համախոհ մտավորականների տասնյակ այդպիսի ոչ ֆորմալ ակումբներ։

1987թ. աշնանը կազմակերպել է Հայաստանի և Ղարաբաղի վե­րա­միա­վորման հարցով ԽՍՀՄ կենտրոնական իշխանություններին հաս­ցեա­գրված պահանջագրի ստորագրահավաքը Մատենադարանի աշ­խա­տակիցների շրջանում։

1988թ. փետրվարի 22-ին, Ազատության հրապարակի հարթակից, ընթերցել է Ղարաբաղի հարցի արդարացի լուծման վերաբերյալ Մատե­նա­դարանի՝ ԽՍՀՄ կենտրոնական իշխանություններին ուղղված պա­հան­ջագիր-նամակը։

1988թ. փետրվարի վերջին ընտրվել է Մատենադարանի «Ղարա­բաղ» կոմիտեի նախագահ և այդ հանգամանքով մասնակցել է հան­րա­պե­տա­կան «Ղարաբաղ» կոմիտեի՝ մարտի 5-ին՝ Գրողների միու­թյան դահ­լիճում, և մարտի 19-ին՝ Կինոյի տանը կայացած հա­մա­գու­մար­ներին։

1988թ. մարտին, մի խումբ ընկերներով, ստորագրահավաք է կազ­մա­կերպել ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավորների շրջանում՝ ար­տահերթ նիստ գումարելու և Լեռնային Ղարաբաղի մարզխորհրդի փետրվարի 20-ի որոշմանը դրական պատասխան տալու պահանջով։

1988թ. մարտ–մայիս ամիսներին սերտորեն համագործակցել է Հա­յաս­տանի մտավորականության ավագանու հետ՝ նրանց օգնելով Ղարաբաղյան խնդրին և սումգայիթյան ջարդերին վերաբերող փաստաթղթերի պատրաստ­ման և տարածման գործում։

1988թ. մայիսին ընդգրկվել է Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտեի կազմում, որի մյուս անդամներն էին՝ Վազգեն Մանուկյանը, Բաբկեն Արարքցյանը, Ռաֆայել Ղազարյանը, Վանո Սիրադեղյանը, Աշոտ Մանուչարյանը, Համբարձում Գալստյանը, Ալեքսան Հակոբյանը, Դա­վիթ Վարդանյանը, Սամվել Գևորգյանը և Սամսոն Ղազարյանը։ Ելույթ­ներով և ծրագրային քաղաքական վերլուծություններով հանդես է եկել տարվա ընթացքում կոմիտեի կազմակերպած բոլոր զանգվածային հան­րահավաքներում, հեղինակն է կոմիտեի և Հայոց համազգային շարժ­ման անունով տարածված 100-ից ավելի թռուցիկների, պատգամա­վո­րա­կան պատվիրանների և հասարակական պահանջագրերի։

1988թ. դեկտեմբերի 10-ին չորս ընկերների՝ Վազգեն Մանուկյանի, Բաբկեն Արարքցյանի, Սամվել Գևորգյանի և Ալեքսան Հակոբյանի հետ ձերբակալվել է տխրահռչակ գեներալ Մակաշովի կողմից, Հայաստա­նում գտնվող Միխայիլ Գորբաչովի հրամանով։ 1988թ. դեկտեմբերի 10-ից մինչև 1989-ի հուն­վարի 9-ը ընկած ժամանակամիջոցում ձերբակալվել են Ղարաբաղ կո­մի­տեի մյուս անդամներ Վանո Սիրադեղյանը, Սամսոն Ղազարյանը, Ռա­ֆայել Ղազարյանը, Աշոտ Մանուչարյանը, Համբարձում Գալստյա­նը, Դավիթ Վարդանյանը։ 1989թ. հունվարի 9-10-ին բոլոր ձեր­բա­կալվածները տեղափոխվել են Մոսկվա և նախնական կալանքի տակ պահվել «Մատրոսսկայա տիշինա» և «Բուտիրյան» բանտերում։

1989թ. մայիսի 30-ին, վեցամսյա բանտարկությունից հետո, միջազ­գային հանրության, ԽՍՀՄ ժողովրդավարական ուժերի և Հայաստանի բնակչության բողոքի հզոր ալիքի ճնշման տակ, բոլոր քաղբան­տարկյալ­ներն ազատ են արձակվել։

1989թ. հուլիսին Լ. Տեր-Պետրոսյանը, ֆրանսիական կառավարու­թյան օժանդակությամբ, լուրջ վիրահատության է ենթարկվել և չորս ամիս ապա­քինվել Փարիզում։

1989թ. օգոստոսին, իր բացակայությամբ, ընտրվել է ՀԽՍՀ Գերա­գույն խորհրդի պատգամավոր։

1989թ. դեկտեմբերին, հաջորդելով Վազգեն Մանուկյանին, ընտրվել է Հայոց համազգային շարժման նախագահ՝ այդ պաշտոնը վարելով մինչև 1990թ. օգոստոսի կեսը։

1990թ. հունվարին դարձել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախա­գա­հու­թյան անդամ։

1990թ. մայիսին կրկին ընտրվել է Գերագույն խորհրդի պատգա­մա­վոր։

1990թ. օգոստոսի 4-ին ընտրվել է Գերագույն խորհրդի նախագահ՝ քվեարկությունների չորս փուլից հետո, քվեների 140–76 հարաբե­րակ­ցությամբ հաղթելով կոմկուսի թեկնածու Վլադիմիր Մովսիսյանին։

1991թ. հոկտեմբերի 16-ին ձայների գերակշիռ մեծամասնությամբ (83,4%) ընտրվել է Հայաստանի Հանրապետության նախագահ։

1991–1995 թթ., Բաբկեն Արարքցյանի հետ, գլխավորել է Գերա­գույն խորհրդի Սահմանադրական հանձնաժողովը, որի մշակած Սահմանա­դրու­թյան նախագիծը, Գերագույն խորհրդի հավանությանն արժանա­նա­լուց հետո, 1995թ. հուլիսի 5-ին ընդունվել է համաժողովրդական հանրաքվեի միջոցով։

1996թ. սեպտեմբերի 22-ի նախագահական վիճահարույց, բայց միջ­ազգային դիտորդական առաքելությունների կողմից օրինական ճանաչ­ված ընտրությունների արդյունքում, քվեների 51.75%-ով վերընտրվել է Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում։

1998թ. փետրվարի 3-ին, ՀՀ վարչապետ Ռոբերտ Քոչարյանի, Պաշտ­պանության նախարար Վազգեն Սարգսյանի և Անվտանգության ու ներ­քին գործերի նախարար Սերժ Սարգսյանի հետ ունեցած սկզբունքային տարաձայնությունների պատճառով և երկիրը ներքաղաքական ցնցում­նե­րից զերծ պահելու նկատառումով, հրաժարվել է ՀՀ նախագահի պաշ­տոնից։

1998–2007 թվականներին զբաղվել է գիտական աշխատանքով և հրատարակել մի քանի ծավալուն գրքեր, այդ թվում՝ «Խաչակիրները և հայերը» երկհատորյակը։

2007թ. աշնանը մի շարք քաղաքական ուժերի և հասարակական կազ­մակերպությունների կողմից առաջադրվել է ՀՀ նախագահի թեկնածու։

2008թ. փետրվարի 19-ին կայացած ընտրություններում պաշտո­նա­կան տվյալներով ստացել է 21.51%, իսկ նրա հիմնական մրցակից Սերժ Սարգսյանը՝ 52.82% ձայն։ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան տվյալ­ներով, սակայն, Տեր-Պետրոսյանն իրականում ստացել է 30–35% ձայն, ինչը նշանակում է, որ պետք է նշանակվեր ընտրությունների երկրորդ փուլ, որում, նույն աղբյուրի համաձայն, Տեր-Պետրոսյանը հաստատա­բար հաղթանակ կտաներ (Wikileaks 08YEREVAN204. 10.03.2008)։

2008թ. մարտի 1-ի լուսաբացին, համաժողովրդական բողոքի տասն­օրյա խաղաղ, շարունակական հանրահավաքներն ու նստացույցը իշ­խա­նությունների կողմից բռնի ուժով ցրելուց հետո, Տեր-Պետրոսյանը ապ­օրինի կերպով ենթարկվել է մոտ մեկամսյա փաստացի տնային կա­լանքի, ինչն արձանագրված է միջազգային կազմակերպությունների ընդունած բանաձևերում։

2008թ. օգոստոսի 1-ին նրա նախաձեռնությամբ հիմնադրվել է 18 քաղաքական կուսակցություններ և հասարակական կազմակեր­պություն­ներ ընդգրկող «Հայ Ազգային Կոնգրես» դաշինքը, որի հռչակագիրը հրա­պարակավ ստորագրվել է նույն օրը Մատենադարանի հրապարակում կայացած բազմամարդ հանրահավաքում։

2008–2011 թթ. «Հայ Ազգային Կոնգրես» դաշինքի կազմակերպած բողոքի զանգվածային ցույցերի, պիկետների, հանրահավաքների, ինչ­պես նաև միջազգային կազմակերպությունների ճնշման արդյունքում բոլոր քաղաքական բանտարկյալներն ազատ են արձակվել։

2012թ. մայիսի 6-ի Ազգային Ժողովի ընտրություններում, գլխա­վո­րե­լով «Հայ Ազգային Կոնգրես» դաշինքի ցուցակը, Տեր-Պետրոսյանն ընտր­վել է պատգամավոր, բայց հրաժարվել է իր մանդատից։

2013թ. ապրիլի 13-ին ընտրվել է «Հայոց համազգային շարժման» իրավահաջորդը հանդիսացող «Հայ Ազգային Կոնգրես» կուսակ­ցու­թյան նախագահ։

Բանակում չի ծառայել։ Ավար­տելով Երևանի պետական համալսարանի ռազմագիտական ամբիոնի քառամյա դասընթացները՝ ստացել է ռազմական թարգմանչի մասնա­գի­տացում։ Հետագայում՝ Լենինգրադում, Երևանում, Կիրովականում և Կրասնոդարում մասնակցելով պահեստազորի չորս հավաքների, արժա­նացել է դեսանտային զորքերի ավագ-լեյտենանտի կոչման։

Պատանեկության տարիներին խաղացել է Հա­յաստանի ժողովրդական դերասաններ Պերճ Գևորգյանի, Արշավիր Ղա­զարյանի և վաստակավոր դերասան Պարզանուշ Պարոնյանի ղե­կա­վարած սիրողական թատրոններում։ Ուսանողական շրջանում զբաղ­վել է սուսերամարտով (մարզիչ՝ Լևոն Ստեփանյան) և շախմատով։ Եր­կու սպորտաձևից էլ լրացրել է առաջին կարգայինի նորման։ Ընդ­գրկ­վել է Երևանի պետական հա­մալսարանի սուսերամարտի հավա­քա­կա­նի կազմում։ Վերջին 15 տա­րի­ներին նրա սիրելի զբաղմունքն այգե­գոր­ծությունն է: