Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, անդրադառնալով շարժման անհաջողություններին, նշել է. «Այո, ես մեկ անգամ չէ, որ ընդունել և պատասխանատու կերպով հայտարարել եմ, որ զանազան անհաջողությունների և վերջնարդյունքին չհասնելու պատասխանտվությունն ամբողջությամբ իմն է, իսկ հաջողությունն ու հաղթանակը իմ համբուրելի ժողովրդինը: Ես խոնարհաբար վերստին ներողություն եմ խնդրում յուրաքանչյուրից, որ այս պահին հնարավոր չեղավ իրագործել մեր ծրագիրը, սակայն դարձյալ ու վերստին պիտի շեշտեմ, որ մենք գործելու ենք ոչ թե «հնարավո՞ր է,թե՞ ոչ», այլ «անհրաժեշտությո՞ւն է, թե՞ ոչ»»։
Նա նաև նշել է, թե 2025 թվականին, ըստ Աստվածաշնչյան պատումի, լրանում է յոթ տարվա երաշտի շրջանը և սկսելու է առատության և լիության շրջանը. «Մեր երկիրը չի լինելու գրավված և ավերակ այլ՝ Վերհառնող և Շեն երկիր: Ես այս անբեկանելի հավատքով եմ ներգրավվել և շարունակելու եմ այս հրաշալի պայքարը, որը եղել և մնում է իմ կյանքի ամենաերջանիկ ժամանակաշրջանը, որովհետև մեր կյանքի սահմանափակ օրերն ավելին չեն, քան մեր իղձերն ու երազները, որովհետև ես պատասխանատվություն և ուխտ ունեմ Աստծու, իմ ժողովրդի, իմ նահատակ եղբայրների և պատմության առջև»,- ասել է նա։