Քաղաքական

2024թ. Հայաստանի կարևոր իրադարձությունները

Radar Armenia-ն ներկայացնում է 2024 թվականին Հայաստանի ներքաղաքական կյանքում տեղի ունեցած հիշարժան իրադարձությունները։

Եվ այսպես․

  • 2024 թվականը բավականին «բուռն» սկսվեց։ Հունվարի 3-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցել էր Լոռի, ծանոթացել կառավարության ծրագրերի ընթացքին։ Փաշինյանը դպրոցում բազմաթիվ խնդիրներ էր բացահայտել, մասնավորապես, անորակ կախիչներ էին փակցված, որոնք արագ պոկվեցին, նաև՝ ցնցուղն ու ծորակներն էին էժանագին։ Այցի հաջորդ օրը՝ հունվարի 4-ին, աշխատանքից ազատվեցին Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը և քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը։ Աշխատանքից ազատման շարքը շարունակվեց նաև հունվարի 5-ին։ Կառավարության որոշմամբ Էդուարդ Հովհաննիսյանն ազատվեց Արմավիրի մարզպետի պաշտոնից՝ այն բանից հետո, երբ վարչապետը Էջմիածնի թ․7 դպրոցում էր շինարարության որակի հետ կապված խնդիրներ հայտնաբերել։
  • Ապրիլի 19-ին Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները նախնական համաձայնության եկան սահմանագծի առանձին հատվածները ԽՍՀՄ փլուզման պահին առկա միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով: Հայաստանի կողմից՝ Բաղանիսի, Ադրբեջանի կողմից՝ Բաղանիս–Այրումի, Հայաստանի կողմից՝ Ոսկեպարի, Ադրբեջանի կողմից՝ Աշաղի–Ասկիպարայի, Հայաստանի կողմից՝ Կիրանցի, Ադրբեջանի կողմից՝ Խեյրեմլիի, Հայաստանի կողմից՝ Բերքաբերի, Ադրբեջանի կողմից՝ Կզըլ–Հաջիլիի միջև։ 
  • Արդեն ապրիլի 23-ին տեղադրվեցին առաջին սահմանային սյուները. կողմերը սահմանազատեցին 12,6 կմ տարածք։ Ընդհանուր առմամբ տեղադրվել է 43 սյուն։ 
  • Հայաստանն ու Ադրբեջանը մոտ մեկ ամսում ավարտեցին Տավուշ-Ղազախ հատվածում սահմանազատման գործընթացը։
  • Սահմանազատումն առանց միջադեպերի չանցավ։ Տեղի ունեցողը Հայաստանում բողոքի ալիք բարձրացրեց։ 
  • In April, Archbishop Bagrat Galstanyan, leader of the Tavush Diocese of AAS, protested the border demarcation. He marched from Kirants village to Yerevan and held a large rally in the capital on May 9. He announced that he was giving Prime Minister Nikol Pashinyan one hour to resign. Naturally, there was no resignation. Then, the protests started.
  • Բագրատ արք․ Գալստանյանի գլխավորած մեկուկես ամսվա անհնազանդության ակցիաներն ու հանրահավաքների ալիքը ավարտվեց հունիսի 12-ին՝ Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում ոստիկանության հետ տեղի ունեցած բախումներով: 
  • Օգոստոսի 30-ին Հայաստանի ու Ադրբեջանի միջև ստորագրվեց առաջին փաստաթուղթը՝ սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը։ Այն կառավարության նիստում հաստատվեց, ապա ուղարկվեց ՍԴ։ 
  • Սահմանադրական դատարանը սեպտեմբերի 26-ին սահմանազատման կանոնակարգը Հայաստանի սահմանադրությանը համապատասխանող ճանաչեց։
  • Հոկտեմբերի 23-ին ԱԺ-ն վավերացրեց սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը։ Այնուհետև նախագահը ստորագրեց փաստաթուղթը։ Նույն օրը կանոնակարգը հաստատեց նաև Ադրբեջանի նախագահը։ Կողմերը ծանուցեցին միմյանց, ու փաստաթուղթը մտավ ուժի մեջ։
  • Սեպտեմբերի 12-ին, երկու տարվա քննությունից հետո, վճռաբեկ դատարանը բեկանեց «Մարտի 1»-ի գործով Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա նախկին 3 ենթակայի արդարացման որոշումն ու գործն ուղարկեց հակակոռուպցիոն դատարան՝ նոր քննության։ Ըստ այդմ, գործը վերաորակվեց։ Նոյեմբերի 28-ին դատախազը միջնորդեց նոր մեղադրանք առաջադրել «Մարտի 1»-ի գործով անցնող Ռոբերտ Քոչարյանին և մյուսներին՝ պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները չարաշահելու կամ անցնելու հոդվածով։
  • Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը սեպտեմբերի 11-ի նիստում բավարարեց 51 քաղաքացիների դիմումը Եվրոմիությանը Հայաստանի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագիծը քաղաքացիական նախաձեռնության կարգով առաջարկելու նպատակով նախաձեռնող խումբ կազմավորելու վերաբերյալ։
  • Հոկտեմբերի 25-ին «Եվրոքվե»-ի նախաձեռնող խումբը հայտարարություն տարածեց, որ  ԵՄ-ին անդամակցելու հարցով հանրաքվե անցկացնելու պահանջով հավաքվել է 60 հզ. ստորագրություն։
  • Սեպտեմբերի 29-ին Էջմիածնում կայացավ Մայր տաճարի վերաօծման արարողությունը, որին մասնակցում էին վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ տիկնոջ հետ, նախագահը, ԱԺ նախագահը, այլ պաշտոնատար անձինք։ Տևական դադարից հետո երկրի քաղաքական ու հոգևոր իշխանության ներկայացուցիչները միասին մեկ հարկի տակ էին։
  • Դեկտեմբերի 10-ին արտակարգ իրավիճակների նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանը մեղավոր ճանաչվեց պաշտոնական լիազորությունների չարաշահման, խոշոր չափերով կաշառք ստանալու, խոշոր չափերով խարդախության համար, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից՝ նախնական համաձայնությամբ։ Դատարանը նրան դատապարտեց 5 տարվա ազատազրկման, բայց Փիլոյանն անազատության մեջ կանցկացնի 4.5 տարի, քանի որ կես տարի եղել է կալանքի տակ։ 
  • 2024-ը ակտիվ էր նաև պաշտոնանկությունների առումով։ Հոկտեմբերի 2-ին պաշտոնը թողեց արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։ Մինչ այդ, նրա պաշտոնանկության հարցը քննարկելու պահանջով ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորները ստորագրահավաք էին սկսել։
  • Մեկ ամիս անց՝ նոյեմբերի 5-ին, Սրբուհի Գալյանը նշանակվեց արդարադատության նախարար։
  • Նոյեմբերի 18-ին հայտնի դարձավ, որ բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը, հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը, տարածքային կառավարման նախարար Գնել Սանոսյանը, ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը, պետ․ եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը լքում են պաշտոնները։
  • Պաշտոնանկություններից երկու օր անց՝ նոյեմբերի 20-ին, ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը նշանակվեց նախարար։
  • Նոյեմբերի 21-ին ՏԿԵ նախարար նշանակվեց Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը։
  • Նոյեմբերի 28-ին Արթուր Պողոսյանը նշանակվեց քննչական կոմիտեի, Էդուարդ Հակոբյանը՝ ՊԵԿ նախագահ։
  • Նոյեմբերի 22-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ տեղեկացրեց, որ ՔՊ պատգամավորներ Նարեկ Զեյնալյանին և Հովիկ Աղազարյանին խնդրել է պատգամավորական մանդատները վայր դնել։
  • Նոյեմբերի 22-ին Նարեկ Զեյնալյանը Աժ  ներկայացրեց մանդատը վայր դնելու դիմումը, իսկ Հովիկ Աղազարյանը դեկտեմբերի 2-ին հայտարարեց, որ մերժում է վարչապետի խնդրանքը։
  • Այնուհետև, դեկտեմբերի 3-ին, ՔՊ վարչության որոշմամբ Հովիկ Աղազարյանը հեռացվեց կուսակցությունից։ Որպես հեռացման պատճառներ՝ նշվում են պետական և կուսակցական նշանակության կոնֆիդենցիալ տեղեկատվության արտահոսքերի, ինչպես նաև հանրության բարոյական նորմերի կոպիտ խախտումները։
  • Դեկտեմբերի 9-ին գլխավոր դատախազությունը  Աղազարյանի կողմից պետական գաղտնիք պարունակող արտահոսքեր կազմակերպելու վերաբերյալ հրապարակումներն ուղարկվեց հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ դեկտեմբերի 16-ին Աղազարյանի վերաբերյալ քրեական վարույթ հարուցվեց։
  • Դեկտեմբերի 18-ին ՔՊ–ն որոշեց կուսակցությունից հեռացնել նաև Հովիկ Աղազարյանին սատարող Հակոբ Ասլանյանին՝ այն բանից հետո, երբ դեկտեմբերի 11-ին Ասլանյանը հայտարարեց մեկ ամսով ՔՊ խմբակցությանն իր անդամակցությունը սառեցնելու մասին, նշելով, որ նախընտրում է արդարությունը։
  • Մինչ այդ, հոկտեմբերին ակտիվ իրադարձություններ տեղի ունեցան Հայաստանի երկրորդ քաղաքում՝ Գյումրիում։ Հոկտեմբերի 25-ին նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի ու նրա մերձավորների դեմ գործի հարուցումից հետո իշխող «Բալասանյան» դաշինքը ողջ կազմով հրաժարական տվեց։ Հրաժարական ներկայացրեց նաև քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը, որից հետո քաղաքը մնաց առանց իշխանության։ 
  • Դեկտեմբերի 8-11-ը փրայմերիս անցկացվեց ՔՊ թեկնածուների միջև, որի արդյունքում Գյումրիի քաղաքապետի պաշտոնակատար ընտրվեց Սարիկ Մինասյանը։
  • Դեկտեմբերի 12-ին Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատանքից ազատման դիմում գրեց։ Նրա փոխարեն այդ պաշտոնում նշանակվեց Դավիթ Առուշանյանը, որն ավելի վաղ վայր էր դրել պատգամավորական մանդատը։

Հայկ Մագոյան