2024թ. լի էր աղմկահարույց պաշտոնանկություններով։ Ընդ որում, պաշտոնանկություններ եղան հենց տարին սկսվելուն պես։
Radar Armenia-ն ներկայացնում է, թե անցած տարում ովքե՞ր լքեցին իրենց պաշտոնը և ինչու։
Տարեսկզբին իրենց պաշտոնը լքեցին քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը, Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, ապա՝ Արմավիրի մարզպետ Էդուարդ Հովհաննիսյանը։ Սա այն բանից հետո, երբ հունվարի 3-ին վարչապետն այցելեց Լոռի, ապա, հունվարի 5-ին, Արմավիրի մարզ։ Նիկոլ Փաշինյանը ծանոթացել էր պետբյուջեի միջոցներով իրականացված ծրագրերի ընթացքին, բացահայտել խախտումներ։ Դրանից հետո այդ պաշտոնյաները հրաժարական տվեցին։
Հետո արդեն ակտիվ պաշտոնանկություններ եղան տարեվերջին։
Հոկտեմբերի 2-ին պաշտոնը թողեց արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։ Մինչ այդ, նրա պաշտոնանկության հարցը քննարկելու պահանջով ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորները ստորագրահավաք էին սկսել։
Մեկ ամիս անց՝ նոյեմբերի 5-ին, Սրբուհի Գալյանը նշանակվեց արդարադատության նախարար։
Նոյեմբերի 18-ին հայտնի դարձավ, որ հրաժարական է ներկայացնում բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը։ Դրանից մի քանի օր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննադատել էր դատաիրավական ոլորտում տեղի ունեցողը։
Աշխատանքից ազատման դիմումներ ներկայացրին հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը, տարածքային կառավարման նախարար Գնել Սանոսյանը, ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը, պետ․ եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը։
Պաշտոնանկություններից երկու օր անց՝ նոյեմբերի 20-ին, ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը նշանակվեց նախարար։
Նոյեմբերի 21-ին ՏԿԵ նախարար նշանակվեց Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը։
Նոյեմբերի 28-ին Արթուր Պողոսյանը նշանակվեց քննչական կոմիտեի, Էդուարդ Հակոբյանը՝ ՊԵԿ նախագահ։
Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարի պաշտոնը դեռ ազատ է։
Նոյեմբերի 22-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ տեղեկացրեց, որ ՔՊ պատգամավորներ Նարեկ Զեյնալյանին և Հովիկ Աղազարյանին խնդրել է պատգամավորական մանդատները վայր դնել։
Նոյեմբերի 22-ին Նարեկ Զեյնալյանը Աժ ներկայացրեց մանդատը վայր դնելու դիմումը, իսկ Հովիկ Աղազարյանը դեկտեմբերի 2-ին հայտարարեց, որ մերժում է վարչապետի խնդրանքը։
Այնուհետև, դեկտեմբերի 3-ին, ՔՊ վարչության որոշմամբ Հովիկ Աղազարյանը հեռացվեց կուսակցությունից։
Դեկտեմբերի 18-ին ՔՊ–ն որոշեց կուսակցությունից հեռացնել նաև Հովիկ Աղազարյանին սատարող Հակոբ Ասլանյանին՝ այն բանից հետո, երբ դեկտեմբերի 11-ին Ասլանյանը հայտարարեց մեկ ամսով ՔՊ խմբակցությանն իր անդամակցությունը սառեցնելու մասին, նշելով, որ նախընտրում է արդարությունը։
Ավելի վաղ՝ հոկտեմբերի 25-ին հրաժարական ներկայացրեց Գյումրիի քաղաքապետ, «Բալասանյան» դաշինքի ներկայացուցիչ Վարդգես Սամսոնյանը։ Հրաժարական ներկայացրին նաև այդ դաշինքի ավագանու անդամները, նաև՝ ընտրացուցակի հաջորդ ներկայացուցիչները։
Սրբուհի Գալյանի՝ արդարադատության նախարար նշանակվելուց հետո պաշտոնից ազատվեցին քրեակատարողական ծառայության պետ Ամբակում Գրիգորյանը, հարկադիր կատարման ծառայության պետ Արսեն Մնացականյանը և պրոբացիոն ծառայության պետ Արամ Նիկոյանը։
Նաև, նոր նախարարների գալով, փոփոխություններ եղան փոխնախարարների շրջանում. նրանք ազատման դիմումներ ներկայացրին։