ՀՀ նախկին երեք նախագահների՝ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի գրասենյակներից արձագանքել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած՝ բանավիճելու կոչին։ Նախկին նախագահները բանավեճից հրաժարվել են։
Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում նրանց կոչ է արել ևս մեկ անգամ մտածել և օգտվել առերես բանավիճելու այս հնարավորությունից։
«Բանավեճը, որ առաջարկել եմ, կարևորագույն նշանակություն պիտի ունենար այն հարցում, որ ժողովուրդը վերջնական և աներկբա եզրակացություն աներ, թե ի վերջո՝ ի՞նչ է տեղի ունեցել Երրորդ հանրապետության պատմության ողջ ընթացքում․ ո՞վ է մեղավոր, ինչո՞ւմ է մեղավոր և ո՞վ և ինչո՞ւմ է մեղավոր»,- ասել է վարչապետը։
Ըստ նրա՝ սա բացառիկ հնարավորություն է, որ առաջնային ինֆորմացիա կրող մարդիկ դեմ-դիմաց հանդիպեն և հեռավար ու հեռակա բանավեճը եզրափակեն առերես բանավեճով։
«Սա միայն անցյալի մասին խոսակցություն չէ, այլ ապագայի ռազմավարությունները որոշելու առանցքային իրադարձություն։ Պետք է անենք վերջնական հետևություններ։ Պետք է հասկանանք՝ ի՞նչ և ինչո՞ւ է տեղի ունեցել մեզ հետ»,- նշել է նա։
Փաշինյանի խոսքով՝ նախկին նախագահներն շտապեցին հրաժարվել բանավեճից, սակայն կրկին կոչ է անում մտածել այս մասին։
«Ես չեմ կարոող թույլ տալ, որ այս խոսակցությունը, որը շարունակվում է 4+2 տարի, կիսատ մնա։ Վճռական եմ, և այդ խոսակցությունը տանելու եմ մինչև վերջ։ Ես ընտրում եմ ազնիվ ճանապարհը՝ նախկին նախագահների հետ դեմ-դիմաց, առերես կանգնելու և խոսելու։ Առաջարկում եմ ընդունել այս առաջարկը, հակառակ դեպքում՝ հետևությունները կմնան ժոողվրդին, և ես նրանց կօգնեմ այդ հետևություններն անելու գործում»,- իր խոսքը եզրափակել է վարչապետը։