Քաղաքական

Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մակրոնին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին՝ ծննդյան տարեդարձի առթիվ: Ուղերձում նշված է.

«Մեծարգո պարոն նախագահ, թանկագին Էմանուել,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա առթիվ և մաղթում քաջառողջություն, անկոտրում կամք ու հաջողություններ՝ ի բարօրություն Ֆրանսիայի և ֆրանսիացի ժողովրդի։

Առանձնահատուկ երախտագիտությամբ եմ ցանկանում ընդգծել, որ Ձեր նախագահության օրոք և Ձեր աներկբա հանձնառության շնորհիվ Հայաստանի և Ֆրանսիայի միջև առանձնաշնորհյալ հարաբերությունները՝ հիմնված մեր երկու ժողովուրդներին միավորող դարավոր բարեկամության և ընդհանուր արժեքների վրա, ներկայումս թևակոխել են նոր կարևոր հանգրվան՝ վերափոխվելով իրական ռազմավարական գործընկերության։

Ջերմությամբ եմ հիշում դեկտեմբերի 7-ին Փարիզ կատարած իմ այցը և մասնակցությունը Փարիզի Աստվածամոր տաճարի բացման հուզիչ և խորհրդանշական միջոցառմանը:

Ցանկանում են վերստին շնորհակալություն հայտնել նաև բարեկամ Ֆրանսիայի և Ձեր անձնական ջանքերի ու շարունակական աջակցության համար՝ միտված Հայաստանի ինքնիշխանության, դիմակայունության և ժողովրդավարության ամրապնդմանը, ինչպես

նաև Հարավային Կովկասի տարածաշրջանում տևական և արդար խաղաղության հաստատմանը։

Օգտվելով այս գեղեցիկ առիթից՝ ցանկանում եմ շնորհավորել տարեվերջյան տոների՝ Սուրբ Ծննդյան և Ամանորի կապակցությամբ՝ նոր տարում մաղթելով Ձեզ հաղթանակներ Ձեր բոլոր նախաձեռնություններում, իսկ բարեկամ ֆրանսիացի ժողովրդին՝ խաղաղություն ու բարօրություն:

Գալիք տարում Հայաստանում Ձեզ հյուրընկալելու մեծ ակնկալիքով՝ ընդունեք խնդրեմ, մեծարգո պարոն նախագահ, խորին հարգանքիս հավաստիքը»։