Քաղաքական

«Թվային տեխնոլոգիաները կարևոր են կյանքի բոլոր ոլորտներում». Արշակյան

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը դեկտեմբերի 18-ին Ռիադում (Սաուդյան Արաբիա) մասնակցել է ՄԱԿ-ի «Ինտերնետ կառավարման համաժողով 2024»-ին՝ գլխավոր քարտուղար Չենգետայ Մասանգոյի հրավերով։

Համաժողովի «Փոփոխությունների հզոր հավաքական ուժը. խորհրդարանականները համաշխարհային թվային ապագայի համար» պանելային քննարկմանը Հակոբ Արշակյանը ներկայացրել է Հայաստանի ինտերնետ կառավարման և բարձր տեխնոլոգիաների ոլորտում իրականացվող քաղաքականությունը՝ գործընկերներին հրավիրելով համագործակցության։ Նա ընդգծել է, որ թվային տեխնոլոգիաները կարևոր են կյանքի բոլոր ոլորտներում, և միջազգային համագործակցությունը կիբեռանվտանգության և թվային ինքնիշխանության ոլորտում առավել անհրաժեշտ է։

Հանդիպման ընթացքում Արշակյանը ներկայացրել է նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը, որը նպատակ ունի տարածաշրջանային ենթակառուցվածքների զարգացման և ինտերնետ կապուղիների ընդլայնման միջոցով խթանել տարածաշրջանային համագործակցությունը։

Ֆորումի շրջանակում ԱԺ փոխնախագահը հանդիպել է ՄԱԿ-ի Ինտերնետ կառավարման խորհրդի քարտուղարության ղեկավար Չենգետայ Մասանգոյի և Ինտերնետ հասարակության հիմնադրամի նախագահ Սալի Վենթվորթի հետ՝ քննարկելով համագործակցության խորացման և Հայաստանում միջազգային միջոցառումներ կազմակերպելու հնարավորությունները։

Միջոցառմանը ներկա էին նաև խորհրդարանականներ Արգենտինայից, Նորվեգիայից, Սաուդյան Արաբիայից, Նամիբիայից և Պակիստանից։