Քաղաքական

Քննարկվել է ՀՀ և ՌԴ կառավարությունների համագործակցությունը

Այսօր առցանց ձևաչափով կայացել է Հայաստանի և Ռուսաստանի միջտարածաշրջանային համագործակցության հարցերով աշխատանքային խմբի համանախագահների հանդիպումը, որը վարում էին աշխատանքային խմբի համանախագահներ՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը և ՌԴ տնտեսական զարգացման նախարարի տեղակալ Դմիտրի Վոլվաչը: 

Համանախագահները քննարկել են 2022-2027թթ․ համար ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև ստորագրված միջտարածաշրջանային համագործակցության ծրագրի շրջանակներում գրանցված առաջընթացն ու զարգացումները:

Վաչե Տերտերյանը հատկապես ընդգծել է միջտարածաշրջանային շփումների հետագա ակտիվացման ու ընդլայնման անհրաժեշտությունը և արձանագրել, որ 2024թ. դեկտեմբերի 19-20-ին կայանալիք Հայաստանի և Ռուսաստանի միջկառավարական հանձնաժողովի նիստի ընթացքում միջտարածաշրջանային համագործակցությունը կդառնա քննարկվող առանցքային ուղղություններից մեկը:

Անդրադառնալով 2025թ. նախատեսվող ՀՀ-ՌԴ միջտարածաշրջանային 10-րդ համաժողովին՝ Վաչե Տերտերյանը շեշտել է, որ այս հարթակը, որն արդեն մեկ տասնամյակ է գործում, չի կորցրել իր կենսունակությունը, և ի պատասխան ռուսական կողմի առաջարկի՝ պատրաստակամություն հայտնեց հոբելյանական 10-րդ համաժողովը կազմակերպել 2025թ.-ին: