Քաղաքական

Աշխարհազորը կփոխարինվի տեղական պաշտպանության ուժերով

ՀՀ ՊՆ-ն առաջարկում է փոխարինել աշխարհազորի համակարգը տեղական պաշտպանության ուժերով։ Նախագիծը փոխնախարար Արման Սարգսյանը ներկայացրել է ԱԺ հանձնաժողովում։

Սարգսյանը մանրամասնել է, որ նախագծում հստակեցվում են տեղական պաշտպանության ուժերի խնդիրները, դերը, ղեկավարման սկզբունքներն ու կառուցվածքը։

Տեղական պաշտպանության ուժերը ենթարկվելու են կորպուսի հրամանատարին և ընդգրկվելու են կորպուսի ենթակայության զորամասերի կազմում՝ որպես աջակցող ստորաբաժանումներ։

«Տեղական պաշտպանության ուժերը համալրվելու են տվյալ համայնքում հաշվառված անձանցով, որոնք չեն կցագրվել պատերազմական ժամանակի հաստիքներին, հաշվառված են պահեստազորի երկրորդ խմբում կամ հանված են զինվորական հաշվառումից։ Համալրումը կիրականացվի կամավորության սկզբունքով՝ պայմանագրի կնքման միջոցով, որը չի համարվում զինվորական ծառայության պայմանագիր»,-ասել է նա՝ հավելելով, որ առաջարկվող նոր համակարգի նպատակը քաղաքացիների պատրաստության և ներգրավման գործընթացը կազմակերպելն է, որը հիմնականում պահպանելու է նախկինում գործող աշխարհազորի օրենքով սահմանված պայմանները։