Քաղաքական

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Լիտվայի վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի Հանրապետության վարչապետ Գինտաուտաս Պալուցկասին՝ պաշտոնում նշանակվելու առթիվ: Ուղերձում նշված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Լիտվայի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:

Գոհունակությամբ եմ ուզում նշել մեր երկրների միջև ձևավորված և վերջին ժամանակաշրջանում արագ զարգացող քաղաքական երկխոսության բարձր մակարդակը, ինչպես նաև ակտիվ համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում:

Երախտագիտություն եմ հայտնում Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին, ինչպես նաև ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա զարգացմանն ուղղված Լիտվայի անվերապահ աջակցության համար:

Բարձր եմ գնահատում Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանն աջակցելու հարցում Լիտվայի դիրքորոշումը:

Լիահույս եմ, որ մոտ ապագայում առիթ կընձեռվի Ձեզ հետ հանդիպելու և համատեղ ջանքերով երկկողմ հարաբերությունների նոր շունչ հաղորդելու համար:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ Լիտվայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում»։