Երևանում տեղի է ունեցել Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի գլխավոր վեհաժողովի 64-րդ լիագումար նիստի բացման արարողությունը, որի ժամանակ բացման խոսքով է հանդես եկել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
«Ուրախ եմ ողջունել Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի մասնակիցներին Երևանում:
Մեր տարածաշրջանում մարտահրավերների լուծումը պահանջում է համապարփակ մոտեցում: Այդ առումով տնտեսական համագործակցությունը կարևոր գործիք է միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման համար:
Հայաստանը դեպի ծով ելք չունեցող երկիր է և ունի համակարգային խոցելիություններ գլոբալ շուկաներ մուտք գործելու հարցում: Ուստի, մենք գիտակցում ենք հավասար ու ներառական փոխկապակցվածության, բաց սահմանների, լիարժեք գործող տրանսպորտային ենթակառուցվածքների կարևոր նշանակությունը տարածաշրջանի տնտեսական բարեկեցության համար:
Մարդկանց, ապրանքների և ծառայությունների ազատ տեղաշարժի քաղաքական արգելքների վերացումը, մարդու տնտեսական ու սոցիալական իրավունքների, այդ թվում՝ զարգացման իրավունքի իրացումը կենսական նախապայման է սևծովյան տարածաշրջանի տնտեսական ներուժի լիարժեք իրացման ու գլոբալ շուկաներին ինտեգրման համար:
Սևծովյան տարածաշրջանը կարևոր նշանակություն ունի Արևելք-Արևմուտք և Հյուսիս-Հարավ ուղղություններով առևտրի ու տրանսպորտային հաղորդակցությունների զարգացման համատեքստում: Տարածաշրջանի տրանսպորտային ներուժի բացահայտման և իրացման համար մենք պետք է կենտրոնացնենք մեր ջանքերը ՍԾՏՀԿ մեխանիզմների արդյունավետ գործարկման ուղղությամբ: «Սև ծովի օղակաձև մայրուղի», «Ծովային ուղիներ» նախաձեռնությունների իրականացումը կարող է մեծապես բարձրացնել մեր տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքների դիմակայունությունն ու որակը: Կարևոր է նաև առևտրի դյուրացման և մաքսային ընթացակարգերի պարզեցման ուղղությամբ համատեղ մեխանիզմների մշակումը:
Իր աշխարհագրական դիրքի շնորհիվ Հարավային Կովկասը կարող է նպաստել Եվրոպայի և Ասիայի միջև տնտեսական համագործակցությանն ու առևտրին: Հարավային Կովկասում բոլոր առևտրային և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, հավասարության ու փոխադարձության սկզբունքների լիակատար հարգանքի հիման վրա նոր հնարավորություններ կբացի ոչ միայն տարածաշրջանի տնտեսական զարգացման, այլև մարդկանց միջև շփումների, մշակութային կապերի համար: Դա էապես կնպաստի անվտանգությանը և կայունությանը տարածաշրջանում և անդին:
Առաջնորդվելով այս տեսլականով՝ Հայաստանի կառավարությունը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը: Որպես մեր խաղաղության օրակարգի մաս՝ այս ծրագիրը նպատակ ունի զարգացնելու տարածաշրջանային հաղորդակցությունները՝ միջազգային իրավունքի, պետությունների ինքնիշխանության և իրավազորության հիման վրա: «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը կարող է արդյունավետորեն կապել Պարսից ծոցը, Սև և Կասպից ծովերը՝ նպաստելով տնտեսական համագործակցության ու առևտրի ընդլայնմանը:
Հայաստանը կառուցողականորեն ներգրավվել է տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման շուրջ Ադրբեջանի հետ բանակցություններում: Պակաս կարևոր չէ նաև Թուրքիայի հետ հաղորդակցության ուղիների վերագործարկումը: Այս գործընթացի հաջող արդյունքը կարող է վերականգնել տարածաշրջանի նշանակությունը միջազգային բեռնափոխադրումների գործում՝ նպաստելով մեր երկրների ու ժողովուրդների բարեկեցությանն ու տարածաշրջանում խաղաղությանը:
«Խաղաղության խաչմերուկն» ուղղված է մեր տարածաշրջանում հարաբերությունների պարադիգմն առճակատումից փոխակերպելու համագործակցությանը:
Մենք հույս ունենք, որ ՍԾՏՀ անդամ պետությունների խորհրդարանները կաջակցեն այս նախաձեռնությանը, որը լիովին համահունչ է միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին: Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կարող ենք էապես նպաստել մեր տարածաշրջանի բոլոր երկրների համար ավելի լավ և բարգավաճ ապագային:
Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Թույլ տվեք Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի գլխավոր վեհաժողովի 64-րդ լիագումար նիստը հայտարարել բացված»: