Քաղաքական

Հակոբ Ասլանյանը հեռացվել է ՔՊ-ից

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը հեռացվել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:

«Պարոն Ասլանյանը հեռացվել է՝ կուսակցության և խմբակցության կարգերը խախտելու պատճառով։ Հայտնի հանգամանքներով պայմանավորված՝ կար պարոն Աղազարյանը, ով արտահոսքեր էր կազմակերպում, ինչն ապացուցված է փաստերով։ Ցանկացած դրվագ, որտեղ որևէ մեկը կպաշտպանի այդ պրոցեսը, բնականաբար, պետք է արժանանա այս ճակատագրին»,- նշել է Հովհաննիսյանը։ 

Նրա խոսքով՝ տեղի է ունեցել խմբակցության նիստ, որի ժամանակ հնարավոր չէր կուսակցությունից պատգամավորին հեռացնել։ 

«Կուսակցությունից կարող է հեռացնել վարչությունը, ինչի մասին վարչության անդամները կխոսեն լրացուցիչ։ Մանդատի հարց քննարկել ենք, այս պահին որևէ հստակություն չեմ նկատել։ Նկատել եմ, որ չի ցանկանում վայր դնել մանդատը։ Գործընկերային մթնոլորտում է խոսակցությունը տեղի ունեցել։ Նրան հնարավորություն ենք տվել բացատրել իր գործողությունների տրամաբանությունը։ Ասլանյանը, ըստ էության, չի կարողացել հիմնավորել, ինչի հետևանքով խմբակցությունը միաձայն որոշում է կայացրել նրան հեռացնել»,- հավելել է Հովհաննիսյանը։ 

Ասլանյանն այսօր ավելի վաղ հայտարարել էր ՔՊ-ի հետ համագործակցությունը 1 ամսով դադարեցնելու մասին՝ որոշումը պատճառաբանելով Հովիկ Աղազարյանի շուրջ տեղի ունեցող զարգացումներով։