Քաղաքական

«Ես առևտրականների հետ գործ չունեմ». Բագրատ արքեպիսկոպոս

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ իր առաջնորդած «սրբազան» պայքարի էությունն ու բովանդակությունը չի փոխվել. «Ժամանակահատվածն էլ կապված է միայն նրա հետ, որ մենք մեկ անգամ վերջնականապես պետք է դուրս գանք ու հարցը փակենք։ Ինչո՞ւ է ձգձգվում։ Փուլերը, որ անցել ենք, բավական լուրջ մտորումների տեղիք են տվել՝ թե՛ վստահության, թե՛ հանձնառության իմաստով»,- ասել է նա։ 

Ըստ Գալստանյանի՝ սպասելիքները շատ մեծ են. «Մտածումը, ապրումը, սպասումը, տրամադրությունն առկա են»։

«Դուրս կգանք հրապարակ, ու այդ ժամանակ ամեն ինչ կվերջանա»,- նշել է նա՝ չհստակեցնելով, թե երբ են դուրս գալու. «Շատ որոշակիացած է, թե ինչ ճանապարհով ենք գնալու»։ 

Նա հայտնել է, որ հանդիպել է այն ուժերի հետ, որոնց անհրաժեշտ է համարել. «Քաղաքականությունը վեհ արվեստ է, և երբ վերածվում է արհեստի, դառնում է առևտուր։ Ես առևտրականների հետ գործ չունեմ»։

Կանադայի քաղաքացիությունից հրաժարվելու հարցին ի պատասխան նա նշել է, որ դա մեծ հարց է. «Ես չեմ հավակնում ոչ մի բանի։ Ես ասել եմ՝ միջոց, գործիք, հնարավորություն եմ՝ փոփոխություն կատարելու համար։ Իսկ ով հավակնում է, պարզապես չգիտի՝ ինչ է ուզում կյանքում։ Երկրորդ, Կանադայի քաղաքացիությունից հրաժարվել-չհրաժարվելը երկրորդական, երրորդական հարց է։ Եթե ուզում եք ավելի լայն իմաստով ասեմ, Սփյուռքում ապրող մեր հայրենակիցները պետք է լիակատար հնարավորություն ունենան մասնակցել մեր երկրի կյանքին՝ ընտրելու, ընտրվելու, նշանակվելու հարցերին»։