Քաղաքական

Դիտարկել են Սբ. Ամենափրկիչ եկեղեցու հարակից հատվածի աշխատանքների ընթացքը

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է, որ Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի հետ կարճ շրջայց է կատարել Գյումրիում։

«Դիտարկել ենք «Գյումրի քաղաքի զբոսաշրջության ենթակառուցվածքների և ճանապարհների վերակառուցում» ծրագրի շրջանակներում Սբ. Ամենափրկիչ եկեղեցու հարակից հատվածում իրականացվող աշխատանքների ընթացքը։

Մարզպետը ներկայացրել է ծրագրով նախատեսված աշխատանքների ծավալի մասին տեղեկատվություն` նշելով, որ ծրագրի շրջանակներում ավարտական փուլում են գտնվում Հանեսօղլյան փողոցի, Հաղթանակի պողոտայի, Աբովյան փողոցի աջ և ձախ հատվածների, Սբ. Ամենափրկիչ եկեղեցու և հարակից այգու, Աճեմյան, Նալբանդյան և Ջիվանի փողոցների հիմնանորոգման աշխատանքները։

Շրջայցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև քաղաքում իրականացվող այլ աշխատանքներին, 2025 թվականի անելիքներին»,- գրել է նախարարը: