Դեկտեմբերի 5-ին Վալետայում ԵԱՀԿ նախարարական խորհրդի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել նորդիկ-բալթյան (NB8) երկրների ԱԳ նախարարների և ներկայացուցիչների հետ։
Այս ձևաչափով համատեղ հանդիպում կայացել է առաջին անգամ՝ Շվեդիայի ընթացիկ նախագահության ներքո։ Հանդիպմանը մասնակցել են Շվեդիայի ԱԳ նախարար Մարիա Ստեներգարդը, Ֆինլանդիայի ԱԳ նախարար Էլինա Վալտոնենը, Լատվիայի ԱԳ նախարար Բայբա Բրաժեն, Նորվեգիայի ԱԳ նախարար Էսպեն Բարթ Էյդենը և ձևաչափում ներգրավված մյուս երկրների ներկայացուցիչները։*
Հանդիպման արդյունքներով հրապարակվել է համատեղ մամուլի հաղորդագրություն, որը ներկայացված է ստորև։
«Նորդիկ-բալթյան երկրները վերահաստատեցին հարաբերությունների ամրապնդման հարցում փոխադարձ հետաքրքրվածությունը և ամուր աջակցություն հայտնեցին Հայաստանի՝ ԵՄ-ի և նրա եվրոպական գործընկերների հետ կապերը խորացնելու ձգտմանը։
Հայաստանը կիսում է այն ժողովրդավարական արժեքները և մարդու իրավունքների նկատմամբ հարգանքը, որոնք դրված են նորդիկ-բալթյան և եվրոպական համայնքների հիմքում։ Նորդիկ-Բալթյան երկրները բարձր են գնահատում Հայաստանի նվիրվածությունը ժողովրդավարական բարեփոխումներին և շարունակելու են աջակցել Հայաստանի բարեփոխումների ջանքերին։
ԵՄ-ում նորդիկ-բալթյան երկրներն ակնկալում են Հայաստանի և ԵՄ-ի միջև նոր և հավակնոտ գործընկերության օրակարգի ընդունումը՝ Եվրոպական խորհրդի 2023 թվականի հոկտեմբերի՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունները բոլոր ուղղություններով ամրապնդելու վերաբերյալ եզրակացություններին համահունչ։ Նորդիկ-բալթյան երկրները ճանաչում են ԵԱՀԿ-ի հանձնառությունը՝ շարունակելու համագործակցությունը Հայաստանի հետ անվտանգության բոլոր երեք հարթակներում։
Նորդիկ-բալթյան երկրներն աջակցում են Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության համաձայնագրի հասնելու ջանքերին՝ հիմնված ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ փոխադարձ հարգանքի վրա՝ համաձայն 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի, և ողջունում են նախաձեռնությունները, այդ թվում՝ «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը, որը նպատակ ունի խթանելու տարածաշրջանային կապերն ու տնտեսական համագործակցությունը»։
Նորդիկ-Բալթյան (NB8) երկրների ձևաչափում ներգրավված են Շվեդիան, Ֆինլանդիան, Իսլանդիան, Էստոնիան, Լիտվան, Լատվիան, Դանիան և Նորվեգիան։