ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Քրեակատարողական ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ամբակում Գրիգորյանին պաշտոնից ազատելու մասին։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Քրեակատարողական ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ամբակում Գրիգորյանին ազատել զբաղեցրած պաշտոնից»,- ասված է որոշման մեջ։
Հիշեցնենք՝ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստերից մեկի ժամանակ Անդրանիկ Քոչարյանը, դիմելով նախկին նախարար Գրիգոր Մինասյանին, հիշեցրել էր, որ Ամբակում Գրիգորյանը 2008թ. եղել է «Մարտի 1»-ի գործով քննիչներից մեկը. «Բայց «Մարտի 1»-ի էջը, ոնց որ, փակո՞ւմ եք, թե՞ բաց է։ Այդ դեպքում քննիչները, որ այդ գործերում ունեցել են մասնակցություն, պետք է մանրամասն ուսումնասիրվեն նշանակվելուց առաջ»,- ասել էր նա։