ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ելույթ է ԵԱՀԿ նախարարների խորհրդի 31-րդ նիստում։
«Տարվա ընթացքում Հայաստանը գործադրել է առավելագույն ջանքեր՝ ապահովելու, որ ԵԱՀԿ-ն դիմակայի գոյաբանական մարտահրավերներին՝ մասնավորապես, նպաստելով կազմակերպության` մասնակից պետությունների միջև վստահության և համագործակցության ամրապնդման ջանքերին և կոչ անելով արագորեն կիրառել վաղ նախազգուշացման և հակամարտությունների կանխարգելման գործիքակազմը։ Ցավոք, մենք բոլորս ձախողեցինք մեր ջանքերում՝ թե՛ հավաքականորեն, թե՛ անհատապես։
Մինչ Հայաստանը երկար ժամանակ հետևողականորեն հանդես է եկել ԵԱՀԿ պատասխանատվության ողջ տարածքում իր սկզբունքների լիարժեք կիրառման օգտին՝ զգուշացնելով ուժի կիրառման վաղ նախազգուշացման ազդանշանների մասին և կոչ անելով արագ և վճռական գործողությունների, ԵԱՀԿ-ի մեխանիզմներն ու հակամարտությունների կանխարգելման գործիքակազմը, մեղմ ասած, շարունակել են մնալ անգործուն:
Սակայն մեր քննադատությունը պետք է ընկալել միայն այն համատեքստում, որ մենք ցանկանում ենք ունենալ արդյունավետ անվտանգային կազմակերպություն՝ անկախ հաստատություններով, որոնք գործում են խստորեն պահպանելով իրենց մանդատները, պարտավորությունները և սկզբունքները՝ առանց հաշվի առնելու որևէ այլ հանգամանք։
Այն մարտահրավերները, որոնց այսօր առերեսվում է ողջ աշխարհը, մեզ ստիպում են առավել զգոն լինել խաղաղության և կայունության հետ կապված հարցերում։ Հաշվի առնելով նշվածը՝ Հայաստանը շարունակում է իր կառուցողական ներգրավվածությունը Ադրբեջանի հետ հարաբերությունների լիարժեք կարգավորմանն ուղղված բանակցություններում։
Այս տարի երկկողմ բանակցությունները հանգեցրին Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման կանոնակարգի ստորագրմանը, որով սահմանազատման հիմք ընդունվեց 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրը։ Տեղում մեզ հաջողվեց սահմանազատել ավելի քան 12 կմ սահման, և հուսով ենք, որ այս փաստաթուղթը ճանապարհ կհարթի գործընթացի արդյունավետ շարունակման համար և այդպիսով էապես կնպաստի տարածաշրջանում կայունության հաստատմանը։
Մենք նաև որոշակի առաջընթաց ենք գրանցել մեր երկու երկրների միջև Խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ։ Համաձայնության ենք եկել նախաբանի և համաձայնագրի նախագծի 17 հոդվածներից 15-ի շուրջ, և եթե լինի բավարար քաղաքական կամք, այն կարող է արագորեն վերջնականացվել և ստորագրվել։ Հայաստանը շարունակաբար ապացուցել է իր պատրաստակամությունը ստորագրելու համաձայնագիրը և փակելու թշնամության էջը Հարավային Կովկասում։
Համոզված ենք, որ խաղաղությունն այլընտրանք չունի, քանի որ մեր տարածաշրջանի ժողովուրդն արդեն շատ է տուժել արյունալի հակամարտություններից։ Ի հեճուկս բոլոր դժվարություններին, մենք հաստատակամ ենք շարունակելու մեր ջանքերը՝ հասնելու ցանկալի նպատակին։ Այս համատեքստում հայկական կողմի առաջարկած «Խաղաղության խաչմերուկ» կապուղիների նախագիծը մեծ ներուժ ունի բարձրացնելու վստահությունը, ամրապնդելու վստահության մթնոլորտը և խթանելու տարածաշրջանի երկրների միջև ավելի լավ փոխգործակցություն։
Հավատում ենք, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների լիակատար կարգավորումը, հատկապես դիվանագիտական հարաբերությունների հաստատումը և սահմանների բացումը, կարող է լինել խաղաղության և կայունության կարևոր մյուս ներդրումը տարածաշրջանում։ Այս նպատակով մենք շարունակելու ենք երկխոսությունը մեր թուրք գործընկերների հետ և իրականացնել որոշ գործնական քայլեր, այդ թվում՝ Հայաստանի և Թուրքիայի միջև կամուրջի, ինչպես նաև Գյումրի-Կարս երկաթգծով սահմանային անցման տեխնիկական պահանջների համատեղ գնահատում: Երբ համաձայնությունները կյանքի կկոչվեն, դրանք դրական ազդեցություն կունենան տարածաշրջանի և դրա սահմաններից դուրս ժողովուրդների վրա։
Քանի որ մոտենում ենք Հելսինկյան Եզրափակիչ ակտի 50-ամյակի կարևոր հանգրվանին, լավ հնարավորություն է, որ յուրաքանչյուր մասնակից պետություն հստակ և միանշանակ վերահաստատի իր հավատարմությունը ԵԱՀԿ-ի հիմնական սկզբունքներին: Այս առումով Ֆինլանդիայի նախագահությունը վճռորոշ նշանակություն կունենա ԵԱՀԿ-ն ավելի արդիական և արդյունավետ ուղիով տանելու հարցում՝ մասնավորապես ուժեղացնելու վաղ նախազգուշացման և հակամարտությունների կանխարգելման ջանքերը: Եզրափակելով՝ մենք կցանկանայինք հավաստիացնել մեր ֆին գործընկերներին, որ Հայաստանը պատրաստ է սերտորեն աշխատել՝ այս կազմակերպության կարևոր աշխատանքը առաջ մղելու համար»։