Քաղաքական

«Ես պատրաստ եմ լինել այդ զոհը». Աղազարյան

ԱԺ անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է իր շուրջ տեղի ունեցած պատմությանը։

Նա ասել է, թե 2020թ. պատերազմից հետո բազմաթիվ նամակներ է ստացել, որոնցով իրեն ճնշել, համոզել են, որ դուրս գա ՔՊ-ից, վարչապետի դեմ ելնի. «Այն գրառումները, որտեղ ինձ վրա բազմաթիվ ճնշումներ, առաջարկություններ, այլ տիպի առաջարկություններ են եղել և ես ինչ պատասխաններ եմ տվել, այդ մասին չկա վարչության ու վարչապետի սեղանին, որ ասեն՝ «ապրի պարոն Աղազարյանը»»։

Նա վստահեցրել է, որ չի ամաչում իր գրագրությունից. «Ես երբեք չեմ եղել այնպիսի վայրում, չեմ ծանոթացել այնպիսի փաստաթղթի, որ պարունակի պետական գաղտնիքի հետ կապված ինֆորմացիա»,- ասել է նա։

Աղազարյանը նաև ասել է. «Եթե իմ նկատմամբ հաշվեհարդար տեսնելով պետության անվտանգությունը կբարձրանա, պետության կայունությունը կուժեղանա, խաղաղության պայմանագիրը կստորագրվի այնպես, ինչպես ես եմ ուզում, ապա ես պատրաստ եմ լինել այդ զոհը»։

Աղազարյանը չի բացառել, որ ինքը հրապարակի այն գրագրությունը, որի մասին խոսվում է։

Աղազարյանը նաև նշել է՝ բացառում է, որ վարչապետը հասնի նրան, որ ինքը մանդատը վայր դնի, բայց չի բացառում, որ իրեն զրկեն մանդատից. «Դրանք տարբեր բաներ են»,- ասել է նա։