Քաղաքական

Ալեն Սիմոնյանը նոր մանրամասներ է ներկայացրել Աղազարյանին ՔՊ-ից հեռացնելուց

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մանրամասներ է պատմել Հովիկ Աղազարյանի՝ ՔՊ-ից հեռացնելու պատճառների մասին։

Նա նշել է, թե Աղազարյանն ինֆորմացիոն արտահոսք է կազմակերպել Փաշինյան-Ալիև հանդիպումից, պատմելով մանրամասներ. «Գալիս, պատմում, կիսվում է խմբակցության հետ պետական գաղտնիք, պետական շահերի հետ կապված բան, ինքը այդ ամեն ինչը տանում, հանրայնացնում է։ Դա նորմա՞լ է»,- ասել է Ալեն Սիմոնյանը։ Ըստ նրա, ՔՊ-ում ավելի քան մեկ տարի փնտրել են, թե որտեղից է տեղի ունենում ինֆորմացիոն արտահոսքը. «Երբ դա վերաբերում է կուսակցությանը, լավ կամ վատ դեպքերին, էդ ոչինչ։ Բայց երբ դա վերաբերում է բանակցություններին, ՀՀ անվտանգությանը, պետք է ձև անենք, ֆիքսենք, որ կարող է մնա՞լ»։

Սիմոնյանը նշել է, որ բանակցությունները կանգնելու, հայ-ադրբեջանական հարաբերությունները սրվելու, բանակցությունները կանգնելու պատճառներից մեկն էլ եղել է այն, որ «մենք պայմանավորվածություն ենք խախտել, բարձր դրա մասին խոսացել ենք, արտանետում ենք արել։ Դե հիմա գնա, ապացուցիր, որ էս խմբակցության անդամը ոչ թե միտումնավոր է այդ հարցազրույցը տվել կամ ինֆորմացիան փոխանցել, այլ՝ ուղղակի սխալվել է»։

Սիմոնյանը պնդել է, որ Աղազարյանի ադեկվատության հետ կապված խնդիր կա։ Նա նշել է նաև, որ իր կարծիքով Հովիկ Աղազարյանը պետք է վայր դներ մանդատը դեռ այն ժամանակ, երբ վարչապետը խնդրել էր։

Ալեն Սիմոնյանը վստահեցրել է, որ ՔՊ-ում վարչության որոշում ունեն՝ յուրաքանչյուր պաշտոնյա, կուսակցական, որը իր կուսակցի դեմ նյութ կպատվիրի կամ ինֆորմացիոն արտահոսք կկազմակերպի, կզրկվի թե կուսակցական լինելուց, թե զբաղեցրած պաշտոնից։