ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ադրբեջանական լրատվամիջոցներում տարածվող թեզին, թե Հայաստանին ներքաղաքական նկատառումներով հարկավոր է պատերազմ սկսել Ադրբեջանի դեմ։
«Ընդհակառակը, հենց ներքաղաքական նկատառումներով, մեզ՝ կառավարող թիմին և կոնկրետ ինձ ձեռնտու է, որ տարածաշրջանում իրադրությունը լինի կայուն։ Եւ սա, կարծում եմ, ակնհայտ փաստ է»,- ասել է վարչապետը։ Ըստ նրա, կան ուժեր, որ շահագրգռված են տարածաշրջանում իրադրությունն ապակայունացնելով. «Մեր արձագանքը պետք է լինի՝ չտրվել որևէ սադրանքի, և առանց հոգնել պարզաբանել մեր դիրքորոշումը։ Մենք Ադրբեջանի վրա հարձակվելու որևէ պատճառ չունենք»։
Վարչապետի խոսքով, քաղաքական մակարդակում ևս մեկ իրավական քայլ են արել՝ փոխադարձաբար ճանաչելով միմյանց տարածքային ամբողջականությունն Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա, նաև՝ վավերացվել է սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը. «Առաջիկայում պետք է դելիմիտացիայի պրոցես սկսենք փոխադարձ համաձայնությամբ, հաջորդ հատվածում»,- ասել է նա՝ հավելելով, որ այս իրավիճակում բացառում է տարածաշրջանում իրադրությունը ապակայունացնելուն նպատակաուղղված որևէ գործողություն Հայաստանի կողմից։
Վարչապետը նաև նշել է. «Մենք հավատարիմ ենք խաղաղության օրակարգին, և ՀՀ-ն ռազմական խնդիրներ որևէ հարևանի նկատմամբ չունի։ Մենք մեր բոլոր հարևանների տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը ճանաչել ենք, ճանաչում ենք։ Եւ ես հույս ունեմ, որ մենք կակտիվացնենք խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ աշխատանքները, որովհետև աշխատանքի 90 տոկոսն արված է, և մնում է վերջին ջանքը գործադրել ու ստորագրել խաղաղության պայմանագիր»։