Քաղաքական

«Մեր քաղաքականությունը միակ հնարավոր տարբերակն է, որ պետություն ունենալու շանս է տալիս». վարչապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Եթե հարցը ձևակերպում ենք պետությունը պահելու շանս ստանալու առումով, ես պետք է ասեմ, որ այն քաղաքականությունը, որ մենք վարել ու վարում ենք, ոչ թե ճիշտ է կամ սխալ, այլ՝ միակ հնարավոր տարբերակն էր և միակ հնարավոր տարբերակն է, որ մեզ պետություն ունենալու շանս է տալիս»,- հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2025թ. բյուջեի նախագծի քննարկման ժամանակ։

Ըստ նրա, շատ բան կախված է, թե ինչպես ենք օգտագործելու այդ շանսը. «Ես հայտարարել եմ՝ եթե մեզ հաջողվի մեկ-երկու տարի պահել մեր պետականությունը, նշանակում է՝ առաջիկա հարյուրամյակում պետություն ունենալու իրական հնարավորություն ենք ստեղծել և ստեղծում։ Ահա երկու տարի անց ես կանգնած եմ ՀՀ խորհրդարանի ամբիոնին՝ որպես ՀՀ վարչապետ։ Եւ պիտի արձանագրեմ, որ միջնաժամկետում մեր դարավոր և ռազմավարական խնդիրը լուծված է։

Բայց մեզ չի կարելի ոչ մի վայրկյան թուլացնել մեր զգոնությունը, որովհետև, այո, այն մարտահրավերները, որ մենք ունեինք 2 տարի առաջ, դրանց մի զգալի մասը դարձել են էականորեն ավելի կառավարելի, բայց նաև ի հայտ են եկել նոր մարտահրավերներ, որոնք որոշակիորեն կառավարելու համար անհրաժեշտ է, որ հաղթահարենք «ազգ-նահատակ», «ազգ-բանակ» բանաձևերը, և ավելի ու ավելի ամուր կանգնենք պարզապես պետություն, ուղղակի պետություն, որի միակ խնդիրը սեփական տարածքում սեփական քաղաքացիների անվտանգությունն ու բարեկեցությունն ապահովելն է։ Ահա մեզ պետք է ամուր կանգնել այդ հիմքերի վրա»։