ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը բացասական է վերաբերվում ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի՝ մանդատը վայր դնելու վարչապետի խնդրանքը մերժելուն։
«ՀՀ վարչապետը Հանրային հեռուստաընկերությամբ դիմել է նրան հրապարակային խնդրանքով, և ես չեմ կարծում, որ նման պարագայում ճիշտ է այդ խնդրանքն անտեսել, մերժել»,- ասել է նա։
Սիմոնյանն անդրադարձել է Աղազարյանի հետ իր հանդիպմանը. «Անկեղծ զրույց տեղի ունեցավ»,- ասել է նա՝ հավելելով, որ երբ անկեղծ զրուցում են, իրավիճակն ավելի է բարդանում. «Մենք բավական երկար զրուցեցինք, ես չեմ քննարկել որևիցե պատճառ, որևիցե հարց։ Ես քննարկել եմ հարցը, որ կա նման պահանջ, կա նման խնդրանք, և այդ խնդրանքը պետք է բավարարվի»։
Ըստ Սիմոնյանի, երբ կլինի ՔՊ վարչության նիստ, ինքն իր դիրքորոշումը կհայտնի. «Եւ կասեմ նույնը, ինչ իրեն ասել եմ, երբ իմ սենյակում է եղել»։
Անդրադառնալով Աղազարյանին ԱԺ ՔՊ խմբակցությունից հեռացնելու հնարավորությանը, Սիմոնյանն ասել է. «Եթե պարոն Աղազարյանն իրեն թիմից դուրս է դնում, իսկ դա թիմից դուրս դնել է, ինքն այդ թիմի հետ ճանապարհ չունի շարունակելու»։
Անդրադառնալով Մոսվկայի ընկերոջ մասին Աղազարյանի հայտարարություներին, Սիմոնյանը նշել է. «Մոսկվայի ընկերը, ինձ թվում է, Կառլսոնի պես բան է։ Գոյություն չունի»։
Սիմոնյանը նաև նշել է, որ եթե «ՀՀ վարչապետը ինձ խնդրի, ես վայրկյան անգամ չեմ ընդդիմանա այդ խնդրանքին». «Գոյություն ունի առաջինը սուբորդինացիա, երկրորդ հերթին՝ թիմ: Այնպես չէ, որ վարչապետը առավոտյան արթնացել է և որոշել է, որ այս-այս մարդիկ պետք է տեղափոխվել: Մարդիկ բոլորը, բոլորը ունենում են խնդիրներ, ստեղծում են խնդիրներ և սխալներ են անում: Անձնական սխալների մասին չէ խոսքը, կամ անձի, այլ համակարգի, արդարադատության, այն իրավիճակի, որի մասին նաև մեր ընդդիմադիր գործընկերներն են բարձրաձայնում: Այդ արձանագրումներից հետո երկրի ղեկավարը պարտավոր է հետևություններ անել, որովհետև իր վրա է ամբողջ պատասխանատվությունը»։