ԱԺ-ն քննարկում է 2025թ. պետական բյուջեի նախագծի փոփոխված տարբերակը։
Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հայտնել է, որ վերանայվել են բյուջեի նախագծի եկամուտները, ծախսերն ու դեֆիցիտը։ Մասնավորապես, 2025թ. բյուջեի վերանայված նախագծով՝ ՀՆԱ-ն կանխատեսվել է 10 տրլն 891 մլրդ դրամ, իսկ տնտեսական աճը՝ 5.1 տոկոս։ Ըստ նրա, այդ ցուցանիշները սկզբնական նախագծի համեմատ, փոփոխվել են ՀՆԱ դեպքում 158 մլրդ դրամով, իսկ տնտեսական աճի առումով՝ 0.5 տոկոսային կետով։
Պետական բյուջեի եկամուտները կկազմեն 2 տրիլիոն 837 միլիարդ դրամ, որը, նախնական տարբերակի համեմատ, պակաս է 35.5 միլիարդ դրամով։ «Նշված նվազեցումը հիմնականում պայմանավորված է ՀՆԱ վերագնահատման արդյունքում հարկային եկամուտների նվազեցման արդյունքում»,- ասել է նա։ Ըստ Հովհաննիսյանի հարկային եկամուտները նվազել են 39.6 միլիարդ դրամով։
Պետական բյուջեի ծախսերը կկազմեն 3 տրիլիոն 441 միլիարդ դրամ. սկզբնական տարբերակի համեմատ, ծախսերը նվազել են 40.8 միլիարդ դրամով։ Ըստ նախարարի ընթացիկ ծախսերը կկազմեն 2 տրիլիոն 706 միլիարդ դրամ, իսկ կապիտալ ծախսերը՝ 734 միլիարդ դրամ։