Դեկտեմբերի 2-ին Հաագա աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՄՔԴ նախագահ Տոմոկո Ականեի հետ։ Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, դատարանի առաջին փոխնախագահ Ռոզարիո Սալվատորե Այտալան և գլխավոր քարտուղար Օսվալդո Ջավալա Գիլերը։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել ընթացիկ տարվա փետրվարին Միջազգային քրեական դատարանին ՀՀ անդամակցությունից ի վեր դատարանի և ՀՀ միջև փոխգործակցության հարցերի շուրջ։ Միրզոյանն ընդգծել է Հայաստանի հանձնառությունը ներգրավվել միջազգային համագործակցության ջանքերում՝ միտված միջազգային իրավական նորմերի պահպանմանն ու իրավունքի գերակայության ապահովմանը։
Քննարկվել են նաև միջազգային արդարադատության համակարգի առջև ծառացած մարտահրավերները, կարևորվել է անկախ դատական մեխանիզմների դերի ամրապնդումը գլոբալ ճգնաժամերին պատշաճ արձագանքելու, ինչպես նաև խաղաղության ապահովմանը նպաստելու գործում։ Ընդգծվել է համագործակցային ջանքերի կարևորությունը մարտահրավերների հաղթահարման գործում։
Հանդիպմանը նաև անդրադարձ է կատարվել Հռոմի կանոնադրության դրույթներին համապատասխան ազգային օրենսդրության կատարելագործման մասով տարվող աշխատանքներին՝ ուղղված դատարանի հետ փոխգործակցության ընթացակարգային ասպեկտների կարգավորմանը։