Քաղաքական

Դեկտեմբերի 3-ին ԱԺ նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 23 հարց

Դեկտեմբերի 2-ին կայացել է Ազգային ժողովի խորհրդի նիստը: Այն վարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Քննարկվել և հաստատվել են ԱԺ ութերորդ գումարման ութերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին և դեկտեմբերի 3-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը:

Սահմանվել է հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը: Դեկտեմբերի 3-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 23 հարց:

ԱԺ խորհրդի որոշմամբ փոփոխություններ են կատարվել Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում լրագրողների հավատարմագրման կարգը հաստատելու մասին» թիվ 044-Լ որոշման մեջ:

ԱԺ խորհրդի նիստի վերջին հարցը վերաբերել է «Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության համար ձևավորվող մրցութային խորհրդի անդամ նշանակելու մասին» խորհրդի որոշման նախագծին:

ԱԺ նախագահը տեղեկացրել է, որ խորհուրդը ձևավորվում է կառավարության, Ազգային ժողովի և Բարձրագույն դատական խորհուրդների, Գլխավոր դատախազի, Մարդու իրավունքների պաշտպանի նշանակած մեկական թեկնածուներից և քաղաքացիական հասարակության երկու ներկայացուցչից: