Քաղաքական

Դիվանագետների աշխատավարձը կբարձրանա

Կառավարությունն առաջարկում է բարձրացնել դիվանագետների աշխատավարձը։ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում փոխնախարար Մնացական Սաֆարյանը ներկայացրել է «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը։ Ըստ նրա՝ դիվանագետների աշխատանքի բարդությունն ու պատասխանատվությունը զգալիորեն աճել է, հատկապես տարածաշրջանի բարդ անվտանգային իրավիճակում: Ներկայումս գործող օրենսդրությամբ դիվանագետների հավելավճարները խիստ սահմանափակ են՝ կազմելով ընդամենը պաշտոնային աշխատավարձի 3-4%-ը:

Առաջարկվող նոր նախագիծը նախատեսում է էական փոփոխություններ. հավելավճարների չափը կաճի մինչև 80%-ի: Այս քայլի հիմնական նպատակը որակյալ մասնագետների պահպանումն է և դիվանագիտական ծառայության գրավչության բարձրացումը: Փոփոխությունները կօգնեն կանխարգելել բարձր որակավորում ունեցող մասնագետների արտահոսքը՝ ստեղծելով ավելի արդարացի վարձատրության համակարգ:

Բացի այդ, նախագծով առաջարկվում է դիվանագիտական ծառայությունը դուրս բերել աշխատավարձի սահմանափակումների ներքո գտնվող պաշտոնների ցուցակից:

Օրենսդրական փոփոխություններից հետո թե որքան կկազմի դիվանագետների աշխատավարձը, փոխնախարարը չի հստակեցրել, նծշելով, որ այս պահին պատրաստ չէ թվեր ներկայացնել, այլ դա կանի ԱԺ լիագումար նիստում։