Քաղաքական

Գեղամ Նազարյանը հայտարարել է՝ կլինի ավելի արմատական

ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանն անդրադարձել է «Հայաստան» խմբակցությունից դուրս գալու որոշմանը, նշելով, որ խմբակցությունում քննարկման արդյունքում է նման քայլի դիմել։

«Խմբակցության հետ հանդիպումից բացի ես հանդիպել եմ նաև Ռոբերտ Քոչարյանի հետ, և մենք նույնպես եկել ենք այն եզրահանգման, որ ավելորդ խոսակցություններից, մեկնաբանություններից խուսափելու համար ես շարունակեմ աշխատանքը որպես անկախ պատգամավոր»,- ասել է Նազարյանը։ Նա նշել է, որ խմբակցությունից դուրս գալն ու անկախ պատգամավորի կարգավիճակով աշխատելը չի նշանակում, որ դառնում է իշխանական. «Ընդհակառակը, Գեղամ Նազարյանը լինելու է ավելի արմատական ընդդիմադիր պատգամավոր»,- ասել է նա։

Հարցին՝ Քոչարյանը թույլ չէր տալիս լինել ընդդիմադիր, նա նշել է. «Թույլ էր տալիս, ուղղակի երբ ներկայացվում է Գեղամ Նազարյանը դուրս է գալիս խմբակցությունից, որովհետև նիկոլական է դարձել, դրա համար հատուկ շեշտում եմ՝ իմ գործունեությունն աչքի է ընկնելու որպես ավելի ընդդիմադիր»։

Մանդատը վայր դնելու հետ կապված հարցին ի պատասխան նա նշել է՝ խորհրդարան գալով իր վրա վերցրել է որոշ պարտավորություն, ուստի պետք է պահպանի մանդատը. «Ես պետք է մնամ, որ այդ խնդիրները լուծեմ»։

Նազարյանը նաև անդրադարձել է 44-օրյա պատերազմի համար իշխանության պատասխանատվությանը. «Բերեք ասենք՝ միակ մեղավորը Նիկոլն է, ու անցնենք-գնանք, մենք պարտվեցինք։ Ինչպես միշտ ենք արել, ցավոք, մեզ մեր գրականությունը, մեր պատմագիտությունը բերել է նրան, որ ասենք՝ այս ճակատամարտը պարտվեցինք, որովհետև մեկ դավաճան կար, այն պատերազմը պարտվեցինք, որովհետև դավաճան կար։ Մեզ բերել-հասցրել են նրան, որ մեկ հոգին կարող է որոշել ազգի ճակատագիրը, բա մնացածն ի՞նչ էին անում»։

Նա նշել է, որ վարչապետ Փաշինյանը «ծանր մեղավոր է, բայց սա չի նշանակում, որ ինքը մենակ է եղել, եթե մենք այս փաստը վերցնենք ու շարունակենք, ապա նոր աղետ ենք փորում մեր առաջ»։ Իսկ թե երբ է նա նման եզրակացության եկել, Նազարյանն ասել է. «Շատ երկար ուսումնասիրությունից հետո«։