Քաղաքական

ՀՀ ԱԳՆ-ն հետևում է Սիրիայում իրադարձությունների զարգացմանը. Անի Բադալյան

Սիրիայում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների միջոցով ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հետևում է իրադարձությունների զարգացմանը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը՝ վերահաստատելով ավելի վաղ արված հայտարարությունն այն մասին, որ Սիրիայում ծավալվող իրադարձությունների հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ չկան:

‹‹Սիրիայում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների միջոցով ՀՀ ԱԳՆ-ն հետևում է իրադարձությունների զարգացմանը։ Ինչպես տեղեկացրել էինք, այս պահին ևս կարող ենք հայտնել, որ տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ չկան։ Դամասկոսում ՀՀ դեսպանությունը շարունակում է իր գործունեությունն արտակարգ ռեժիմով››,-նշել է Անի Բադալյանը։ 

Վերջինիս հաղորդմամբ՝ Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսը ևս աշխատանքը շարունակում է Դամասկոսից։ 

‹‹Իրավիճակի հետագա զարգացումներով պայմանավորված՝ ԱԳ նախարարությունը կկայացնի համապատասխան որոշումներ››,-եզրափակել է ԱԳՆ խոսնակը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սիրիայի կառավարական բանակը խոստովանել է, որ «Հայաթ Թահրիր աշ-Շամ» սուննի արմատական խմբավորման զինյալներն ու նրանց դաշնակիցները գրավել են Հալեպի զգալի մասը՝ հաղորդելով լայնածավալ բախումների արդյունքում սպանված և վիրավորված տասնյակ զինվորների մասին: