ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանն ընդունել է Ղազախստան-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությանը:
Հակոբ Արշակյանը շնորհավորել է ներկաներին Հայաստանի և Ղազախստանի միջև բարեկամության ու համագործակցության պայմանագրի ստորագրման 25-ամյակի կապակցությամբ:
«Վստահ եմ, որ Ղազախստանի Հանրապետություն-Հայաստանի Հանրապետություն միջխորհրդարանական բարեկամության ներկայացուցչական խմբի այցը Հայաստան խթան կհաղորդի երկկողմ միջխորհրդարանական համագործակցության հետագա զարգացմանը»,- ասել է ԱԺ նախագահի տեղակալը:
Դրական գնահատելով հայ-ղազախական հարաբերությունների դինամիկ զարգացումը՝ Հակոբ Արշակյանն իր երախտագիտությունն է հայտնել ղազախական կողմին այս տարվա մայիսին Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների նպատակով հարթակ տրամադրելու համար:
«Մենք հետաքրքրությամբ հետևում ենք Հայաստանի վարած քաղաքականությանը, տնտեսության զարգացման գործընթացներին: Հայաստանը, վստահորեն, քայլեր է անում դեպի բարեփոխումներ՝ ի շահ ժողովրդի բարեկեցության»,- ասել է Ղազախստանի Մաժլիսի Ղազախստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մուկաշ Իսկանդիրովը: