Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ըմբշամարտի զինվորականների աշխարհի 37-րդ առաջնությանը ՀՀ ԶՈՒ թիմի գրանցած արդյունքներին՝ այն դրական առումով համարելով անսպասելի։
Փաշինյանն այս համատեքստում անդրադարձել է հանրային քննարկումներին. «Մի իքս պահի լրահոսում սկսեցի տեսնել տարօրինակ վերնագրեր։ Ես տեսնում էի հայտնի մարզիկներ զորակոչվում էին բանակ։ Տարօրինակ թվաց, որովհետև անհասկանալի էր, թե ինչ է տեղի ունենում և հետո պարզվեց, որ հիմնական խնդիրը այդ մարզիկների բանակային աշխարհի առաջնությանը մասնակցելն էր։ Անկեղծ ասած, ես այդտեղ դիսոնանս տեսա, որովհետև որոշակի կեղծ վերաբերմունք տեսա ՀՀ բանակի և այս առաջնության նկատմամբ։ Քննարկելով եկանք այն եզրակացությանը, որ սա նաև պետության ռեպուտացիայի հարց է», - ասաց նա՝ ընդգծելով, որ սա բանակում ծառայող մարզիկների առաջնություն է և բանակում ծառայելու բերումով են այդ մրցաշարին մասնակցում, ոչ թե զորակոչվում են, որ մասնակցեն։
Վարչապետը նկատեց, որ մեր բանակում կան մարզիկներ, ովքեր կարող են համաշխարհային հարթակներում հանդես գալ և բարձր տեղեր գրավել։
«Իհարկե մեծ էր հավանականությունը, որ արդյուքնում կամ կանխավարկածներ այդպիսին։ Մեզ զգուշացնում էին, մեզ «ահաբեկում» էին, որ այս մեդալների հավաքածուների առաջ լինելու են զրոներ։ Եվ մենք հասկանում էինք, որ կարող է և այդպես լինել։ Բայց սկզբունքը, պետությունը և պետության նկատմամբ վերաբերմունքը ունեն սկզբունքային նշանակություն և մենք չենք կարող թույլ տալ, որ կառավարությունը ներգրավված լինի որևէ ֆեյք գործընթացում»,- ասաց նա։