ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը հայտարարել է, որ մանդատը վայր դնելու մասին որոշում կկայացնի մանկության ընկերոջ հետ հանդիպումից հետո․ «Երեկ՝ ժ․ 2.45, հեռախոսազանգ եմ ստացել Մոսկվայում ապրող իմ մանկական, ուսանողական ընկերոջ կողմից, որ ինքը շատ կնեղանա ինձնից, եթե արձագանքեմ վարչապետի խնդրանքին՝ առանց իրեն տեսնելու»,- ասել է նա՝ հավելելով, որ այդ հանդիպումից հետո որոշում կկայացնի։ Նա նշել է, որ ընկերը Հայաստան կգա այսօր. «Ես չասացի նրա խնդրանքը կկատարեմ, ես ասացի՝ կխորհրդակցեմ։ Ես խորհրդակցում եմ իմ տղաների հետ, իմ կնոջ հետ, ընտանիքի անդամների հետ, ընկերների հետ։ Հո այդքան հեշտ չէ վարչապետի հրապարակավ խնդրանքին արձագանքելը։ Դրական-բացասական կապ չունի։ Կարծում եք՝ հեշտ բա՞ն է»։
Աղազարյանը մանրամասներ չի հայտնել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպումից՝ ասելով, որ զրույցը հրապարակայնացնելը կոռեկտ չէ։ Ճնշումների մասին հարցին ի պատասխան էլ՝ նա նշել է. «Թիմից ճնշումներ կան․ իմ ընկերները ընկերական ինձ ճնշում են՝ մեկն ասում է մանդատը դիր, մեկն ասում է՝ մի դիր»։
Հարցին՝ ԱԺ նախագահն իրեն սպառնացել ու ճնշե՞լ է, Աղազարյանն ասել է. «Կուզեի, որ Ալեն Սիմոնյանն ինձ սպառնար, քան այն, ինչ արեց իմ գլխին։ Ավելի լավ է՝ սպառնար, քան էն, որ ինքը խոսեց»։
Հարցին՝ վիրավորե՞լ է, նա ասել է. «Ուր է, թե վիրավորեր, պատասխանը կստանար։ Ուղղակի ինքն ինձ ճնշել է ուրիշ իմաստով»։